Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին


Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

  • 04-04-2022 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ ս.թ. ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: 
 
Չարենցյան աշխարհ տանող գրական-երաժշտական երեկոյի ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ կհնչեն Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Դրանք կբացահայտեն Չարենցին իր բոլոր դրսևորումներով՝ Կարսի հանդեպ ունեցած նրա ցավը, Նաիրիի տառապանքն ու խոհերը, Չարենց-հեղափոխականին, սիրահարին, ընտանիքի հորն ու ամուսնուն, բանտարկված ու ողբերգական Չարենցին: Կցուցադրվի բանաստեղծին ու իր ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա: 
 
Երեկոյին կմասնակցեն դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Սամսոն Ստեփանյանը և Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև տենոր Տիգրան Մելքոնյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան): Նախագծի ռեժիսորը և կոմպոզիցիայի հեղինակը Արամ Սուքիասյանն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից հատվածներ: Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: 
 
Ապրիլի 4-ին կայանալիք համերգից առաջ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի ճեմասրահում տեղի կունենա ‹‹Չարենց-125›› նամականիշի մարման արարողությունը (ժամը՝ 18:00-ին): Չարենցյան մթնոլորտը ճեմասրահում առավել կընդգծեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հավաքածուից ներկայացված կերպարվեստի ցուցանմուշները:
 
Միջոցառման սկիզբը՝ ժամը 19:00-ին: 
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն