«Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
13-04-2024 19:00:00 | Հայաստան | Համերգ
«Մաշինա վրեմենի» խումբը, որն այս տարի տոնում է հիմնադրման 55-ամյակը, մեծ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում:
Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 19։00–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կհնչեն 1970-ից մինչև 2020 թվականները ծնված հիթերը, նոր երգեր:
Խմբի անդամներ Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը հիշեցնում են, որ ապրիլի 13-ին Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրն է և բոլորին հրավիրում են միասին նշելու այն:
«Մաշինա վրեմենի»-ն ռուսական ռոքի ամենահայտնի խմբերից մեկն է։ Այն հիմնադրել են Անդրեյ Մակարևիչն ու Սերգեյ Կավագոէն 1969 թվականի մայիսի 27-ին:
Խմբի ստեղծագործություններում համադրված են ռոքը, բլյուզը, ռոքնռոլը և հեղինակային երգի տարրերը։ Խմբի անփոփոխ առաջնորդն է Անդրեյ Մակարևիչը, որը երգերի տեքստերի ճնշող մեծամասնության հեղինակն է։ Երաժշտության հեղինակներն են Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Եվգենի Մարգուլիսը, Անդրեյ Դերժավինը և Պյոտր Պոդգորոդեցկին։
Խումբը 1990 թվականի գարնանը համերգներով ներկայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: