«Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանում տեղի կունենա Կշիշտոֆ Ստոպկայի և Անջեյ Զեմբայի «Հայերը Լեհաստանում» մենագրության շնորհանդեսը
01-10-2025 18:00:00 | Հայաստան | Շնորհանդես
2025թ. հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանում (Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 53) տեղի կունենա Կշիշտոֆ Ստոպկայի և Անջեյ Զեմբայի «Հայերը Լեհաստանում» մենագրության շնորհանդեսը: Հյուրերի հավաքը՝ 17:30-ին:
Գիրքը «Ormiańska Polska» («Հայկական Լեհաստան», Վարշավա, 2018) մենագրության ռուսերեն թարգմանությունն է։ Աշխատության հեղինակներն են՝ հայտնի գիտնականներ, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ Կշիշտոֆ Ստոպկան և Անջեյ Զեմբան։
Գրքում դիտարկվում է հայերի ներկայությունը Լեհաստանում պատմական տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնադարյան թագավորությունից մինչև մեր օրերը։ Ուսումնասիրության տարածքային ընդգրկումը շատ ավելի լայն է, քան ժամանակակից Լեհաստանի սահմանները։ «Լեհահայեր» տերմինը տարածելով այն բոլոր հայերի վրա, ովքեր օգտվում էին երբեմնի լեհ թագավորների շնորհած արտոնություններից՝ Կ. Ստոպկան և Ա. Զեմբան ուսումնասիրության առարկա են դարձրել բազմազգ և բազմակրոն Ռեչ Պոսպոլիտայի (1569–1795 թթ.) ողջ հայ բնակչությունը։ Այդ կոնֆեդերատիվ խորհրդարանական միապետության կազմի մեջ էին մտնում ժամանակակից Լեհաստանի և Ուկրաինայի մեծ մասը, Բելառուսի և Լիտվայի ամբողջ տարածքը, ինչպես նաև Լատվիայի ու Ռուսաստանի առանձին շրջաններ։
Հրատարակությունը հարուստ է նկարազարդումներով: Լուսանկարներից շատերը հրապարակվում են առաջին անգամ։ 2019 թ․ գիրքն արժանացել է լեհական Klio հեղինակավոր մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է Պատմական գրքի հրատարակիչների միության կողմից։