Հոկտեմբերի 14-29-ին Երևանում կանցկացվի Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը


Հոկտեմբերի 14-29-ին Երևանում կանցկացվի Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը

  • 14-10-2011 18:58:48   | Հայաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 14-29-ին Երեւանում կանցկացվի Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը վաղուց դարձել է հայ մշակութային կյանքի կարեւորագույն էջերից մեկը եւ ձեռք է բերել միջազգային մեծ ճանաչում՝ անցած տարվանից դառնալով Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ: Փառատոնի առանցքը կդառնա անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի «12-րդ գիշերը» հանրահայտ բեմադրությունը, որը նա իրականացրել է Մոսկվայում` Ռուսաստանի հայտնի դերասանների հետ: Ներկայացման մեջ զբաղված են Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը, Իգոր Յասուլովիչը: Ռուսաստանը կներկայացնի նաեւ Տուվայի հանրապետության «Մաքսիմ Մունզուկ» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը Գալինա Մունզուկի գլխավոր դերակատարմամբ: Իրանը փառատոնին կներկայացնի Անդիշե թատերախումբը` «Մակբեթ» եւ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներով, իսկ Վրաստանը կներկայացնեն Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան ազգային թատրոնը «Համլետ» եւ Թբիլիսիի Վ.Աբաշիձեյի անվան դրամայի եւ կոմեդիայի պետական թատրոնը`աշխարհի մի շարք փառատոների մեծ հաջողությամբ մասնակցած «Մակբեթ» ներկայացումներով: Փառատոնին կմասնակցի նաեւ միջազգային ճանաչում ունեցող թուրքմեն բեմադրիչ Օվլյակուլի Խոջակուլին, որվ կներկայացնի իր «Համլետ» բեմադրությունը: Փառատոնին Հայաստանը կներկայացնեն Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնը «Ռոմեո եւ Ջուլիետ», Երեւանի Հր.Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնը «Հուլիոս Կեսար», «Է.Էլբակյան» թատրոնը «Ռոմեո եւ Ջուլիետ» եւ Հայաստանի Թատերական գործիչների միությունը «Լեդի Մակբեթ» ներկայացումներով: Փառատոնի անցկացմանն աջակցել են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play