Տիգրան Սարգսյան. «Մեր նպատակն է գյուղացիների համար ստեղծել հնարավորություն՝ առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ և կիրակի օրերին Երևանում վաճառելու համար»


Տիգրան Սարգսյան. «Մեր նպատակն է գյուղացիների համար ստեղծել հնարավորություն՝ առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ և կիրակի օրերին Երևանում վաճառելու համար»

  • 16-10-2011 14:47:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 16-ին, Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, այցելել է Հյուսիսային Պողոտա, որտեղ կազմակերպվել է գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ-համտես: Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է Հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող կազմակերպությունների տաղավարներով՝ ծանոթացել վերջիններիս ներկայացրած գյուղատնտեսական արտադրանքին: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման միջոցառումների անցկացմամբ կառավարության նպատակն է քաղաքացիներին լավագույնս ծանոթացնել տեղական արտադրանքին, որպեսզի նրանք այսուհետ նախապատվությունը տան միայն որակյալ հայկական գյուղատնտեսական ապրանքներին: «Այստեղ այսօր համայնքների միջեւ տիրում է առողջ մրցակցություն՝ տոնավաճառ այցելած քաղաքացիներին լավագույնս հյուրասիրելու առումով: Ցանկանում ենք, որպեսզի ողջ Հանարապետությունում լինի տոնական տրամադրություն եւ կարծես թե դա ստացվել է: Մեր նպատակն է գյուղացիների համար ստեղծել հնարավորություն՝ առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում վաճառելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով բոլորին օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարության որոշմամբ, յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրն այսուհետ նշվելու է որպես Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, այս կապակցությամբ մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում այսօր անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ տոնավաճառներ, ցուցահանդեսներ եւ այլն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն