Հոկտեմբերի 22-26-ին Երևանում անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը


Հոկտեմբերի 22-26-ին Երևանում անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը

  • 26-10-2011 18:50:54   | Հայաստան  |  Մշակույթ
Հոկտեմբերի 22-26-ին Երեւանում անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը: «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնած փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններ, տեղական եւ միջազգային կազմակերպություններ: Փառատոնի ընթացքում ներկայացվեցին 98 ֆիլմեր 35 երկրներից: Փառատոնը հյուրընկալեց 15 երկրներից ժամանած ավելի քան 35 մասնակիցների: Երեւանում փառատոնի ավարտին հաջորդելիք քառասուն օրերի ընթացքում ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն Հայաստանի մարզերում: Փառատոնի շրջանակներում, «Ռոլան Բիկով» հիմնադրամը եւ Թուրքիայում հիմնադրամի գործընկեր Անադոլու Քուլթուրը համատեղ աջակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի մի շարք կինոմատոգրաֆիստների եւ անիմատորների միջեւ փորձի փոխանակմանը եւ միջսահմանային ծրագրերի ստեղծմանը: Թուրքիան ներկայացնող ժյուրիի երեք անդամների հետ մեկտեղ փառատոնը հյուրընկալեց Հայաստանից, Թուրքիայից եւ Վրաստանից ընտրված երեքական պատանիների` անիմացիայի ստեղծման տեխնիկային եւ մշակույթին նվիրված սեմինարի շրջանակներում: Սեմինարի արդյունքում ստեղծվեց կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան տեղի ունեցավ փառատոնի փակման արարողության ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնում: Մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնին Թուրքիայից հրավիրված ժյուրիի անդամների եւ պատանիների մասնակցությանն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների եւ պրոֆեսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաեւ սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւավորմանը եւ խորացմանը, տարածաշրջանում խաղաղության եւ տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Մշակույթ