Սերժ Սարգսյանն ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին


Սերժ Սարգսյանն ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին

  • 11-11-2011 19:02:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին: Ըստ երկրի ղեկավարի Մամլո գրասենյակի հաղորդագրության, նախագահը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներդրումը, նաեւ՝ դեռեւս 2007թ. Հայաստանի մարդկային ռեսուրսը գնահատելու եւ, ըստ այդմ, Հայաստանում ընկերության մասնաճյուղ բացելու որոշումը: Համոզվածություն հայտնելով, որ Հայաստանի նման փոքր շուկա եւ տնտեսություն ունեցող երկիրը պարտավոր է եւ կարող է դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացված մաս՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի գործունեությունը Հայաստանում ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Սերժ Սարգսյանի խոսքով, 2001թ. տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարելով Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ, ՀՀ կառավարությունը հաշվի էր առել Հայաստանի գիտակրթական մակարդակը, այդ ոլորտում երկրի ունեցած ավանդույթները, մասնագիտական բարձորակ մարդկային ռեսուրսը, ինչպես նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների սահմանափակումներն ու սակավ բնական պաշարները: Այժմ արդեն այդ ոլորտում աշխատողների եւ ընկերությունների թիվը, ոլորտում վերջին տարիներին արձանագրվող աճը, Նախագահի համոզմամբ, եւս մեկ անգամ փաստում են որոշման արդարացվածությունը: Համակարծիք լինելով ՀՀ Նախագահի հետ եւ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը, իսկապես, իմաստուն համարելով՝ Ջեյմս Թրուշարդը նշել է, որ Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է: Հայաստանում ընկերության գործունեության զարգացման եւ համագործակցության տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման՝ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագիրը: Զրուցակիցների կարծիքով, շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա միջազգային հարթակներում Հայաստանի՝ որպես համաշխարհային ճարտարագիտական կենտրոնի, վարկանիշի բարձրացման գործում, միաժամանակ՝ ՀՊՃՀ-ն դարձնելով միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ