Սթիվ Վոզնյակին հանձնվեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը


Սթիվ Վոզնյակին հանձնվեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը

  • 11-11-2011 22:15:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին: Ըստ Հայաստանի ղեկավարի Մամլո գրասենյակի հաղորդագրության, հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2011 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, իսկ ՀՏՏ մրցանակի խորհրդի համանախագահ Ռիչ Գոլդմանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ Նախագահի մրցանակի գաղափարին եւ առաքելությանը, ներկայացրել՝ մրցանակի արժանացած Սթիվ Վոզնյակին: Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ. «Հարգելի՛ պարոն Վոզնյակ, Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ ողջունելու Երեւանում մեր ժամանակների ամենանշանավոր ճարտարագետներից մեկին, «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր պարոն Սթիվ Վոզնյակին: Այսօր Երեւանում պարոն Վոզնյակին ենք շնորհում, ինչպես ինքն է ասել հարցազրույցներից մեկում, «մի շատ հատուկ մրցանակ»` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը: Լուրերի հոսքին հետեւողները, անգամ նրանք, ովքեր չեն կիրառում իրենց առօրյա կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները, շատ լավ գիտեն, թե ո՞վ է Սթիվ Վոզնյակը եւ ի՞նչ դերակատարում է ունեցել: Նա այն մարդն է, ով հեղափոխեց աշխարհը` նախաձեռնելով առաջին անհատական համակարգիչների ստեղծումը: Նրա շնորհիվ համակարգիչները դուրս եկան գիտական ու ռազմական հաստատություններից, մեծ հիմնարկներից եւ մտան յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր մարդու կենցաղ: Ընդհանուր առմամբ, ես դեմ եմ հեղափոխություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք տեղի են ունենում քաղաքակրթության ոլորտում, այնպես՝ ինչպես ընդունվեց քրիստոնեությունը, ինչպես եղավ գրատպության, շոգեքարշի ստեղծման եւ, բնականաբար, համակարգիչների պարագայում: Սրանք ողջունելի հեղափոխություններ են: Նրանք երկու ընկեր էին` երկուսն էլ Սթիվ անունով: Նրանցից մեկը` պարոն Ջոբսը, վերջերս անժամանակ հեռացավ կյանքից: Ձեր ընկերոջ կորստյան կապակցությամբ ես, իհարկե, ցավակցում եմ Ձեզ, նրա ընտանիքին, բարեկամներին, հարազատներին: Եվ վստահ եմ, որ Սթիվ Ջոբսը դեռ երկար տարիներ ոգեւորելու է շատ-շատ մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Հարգելի՛ պարոն Վոզնյակ, Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա եւս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք եւ թերեւս ամենակարեւորը՝ լինել ազնիվ եւ աշխատասեր: Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը եւ Սթիվ Վոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին` խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ երեխաներն էլ հասնեն բարձունքների եւ նման մեծ ծառայություն մատուցեն իրենց հայրենիքին եւ ամբողջ մարդկությանը: Այն որակները, որ Ձեզ, պարո՛ն Վոզնյակ, փոխանցել, ներարկել է Ձեր հայրը, մշտապես լինելու են արդիական եւ պահանջված: Ուսումնատենչությունը, աշխատասիրությունը եւ ազնվությունը թույլ են տալիս գրավել ոչ միայն Ուոլ Սթրիթը, այլեւ ամբողջ աշխարհը` առանց բռնության եւ պատերազմի: Մանավանդ որ, ինչպես հայտնի է, ամենից թանկագին ու կարեւոր հաղթանակներն այն հաղթանակներն են, որոնք ձեռք են բերվում քիչ կորուստներով կամ առանց կորուստների: Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Այսօր Հայաստանն արդեն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր ավելացված արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղն է, որն ամեն տարի արձանագրում է շուրջ 25 տոկոս աճ եւ առաջընթաց: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն գործում են 300-ից ավելի ընկերություններ, որոնք միավորում են 5000-ից ավելի մարդկանց ջանքեր, ովքեր ունեն սիրած աշխատանք, բարձր աշխատավարձ եւ պահանջված մասնագիտություն: Շատ կարեւոր է գիտակցել, որ այս ոլորտի համար բացարձակապես խոչընդոտ չեն տրանսպորտային եւ այլ խնդիրները: Մենք հետեւողականորեն ճանապարհ ենք հարթելու, որպեսզի հայ ժողովուրդն իր արժանի տեղը զբաղեցնի արագ ձեւավորվող եւ փոփոխվող թվային աշխարհում: Մենք պատրաստ ենք լինել ճկուն եւ հարմարվել այս արագ փոփոխվող աշխարհի պայմաններին: Դրա վկայություններից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է: Խոսքիս այս հատվածում անպայման պետք է շնորհակալություն հայտնեմ այս մրցանակաբաշխությունը հնարավոր դարձրած բոլոր մարդկանց: Իմացե՛ք, որ սա ներդրում է Հայաստան երկրի եւ մեր ժողովրդի ապագայի համար, իսկական ծառայություն հայրենիքին, որ գնահատված է: Հարգելի՛ պարոն Վոզնյակ, Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ դուք այստեղ՝ մեզ հետ եք: Անկասկած, այս կարճատեւ այցի ընթացքում Դուք կծանոթանաք մեր երկրին եւ հուսով ենք, որ կսիրեք այն: Իսկ մենք միշտ սպասում ենք մեր բարեկամներին եւ պատրաստ ենք նրանց փոխանցելու մեր սերն ու ջերմությունը: Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք եւ ուրախ եմ, որ արդեն մինչ այստեղ գալն ասել եք, թե դարձել եք Հայաստանի դեսպանը: Դա մեզ համար մեծ պատիվ է, հպարտություն, եւ մենք Ձեզ երախտապարտ ենք»: Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների: Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից: Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի եւ հովանավորի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն: Այս տարվա մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play