ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ (1885-1969). ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ


ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ (1885-1969). ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

  • 26-11-2011 11:55:18   | Ֆրանսիա  |  Գրական էջ
ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ Մաս երրորդ Յիշում եմ մի օր Վարպետը նստած էր բազմոցին, իսկ Ներսիսեանը կանգնած էր դիմացը փայլող, ժպտուն աչքերով: Յանկարծ ծնկի եկաւ նրա առջեւ, այո՛ ծնկի եկաւ, երեխայի նման խնդրելով. - Վարպե՛տ, յիշէք, խնդրում եմ, Գորֆուն եւ Տարըլին (Lawrence Durell, 1912-1990): Ես զարմանքից քարացել էի… սկսուեց հերթական զրոյցը, որից յիշողութեանս մէջ մնաց Զարեանի Գորֆու կղզու եւ իր շրջապատի մարդկանց նկարագրութիւնը: Յիշեցնենք, որ այդ կղզում նա ապրել է 1935-37ին, երկրորդ կնոջ՝ նկարչուհի Ֆրենսիս Պրուքսի հետ: Այստեղի շրջապատուած նոյնպէս հետաքրքիր դէմքերով, ինչպէս Թէոտոր Սթեֆանիտէս, Տ. Կոմս, Մաքս Նիմիէք ու յատկապէս անգլիացի գրող Լաուրենս Տարըլ: Վերջինս այդ տարիների իր գրառումների հիման վրայ գրել է «Փրոսփերոյի խուցը» ("Prosperos Cell", London, 1945, 1965) գիրքը, որտեղ Զարեանը կարեւոր կերպար է: Ո՞վ է, սակայն, Փրոսփերօն եւ ի՞նչ ընդհանուր բան կայ նրա եւ Տարըլի հերոսների միջեւ: Կա՛յ եւ հետեւեալն է. իշխան Փրոսփերօն, որ Շէյքսփիրի «Փոթորիկ» դրամայի գլխաւոր հերոսն է, եղբօր դաւադրութեամբ Միլանից ընկել է, գեղեցիկ, գրեթէ անմարդաբնակ մի կղզի, ուր զարգանում են դէպքերը: (Ի դէպ, "Prosperos Cell''ը ֆրանսերէն թարգմանուած է "L’île de Prospero"): Տարըլի գրքի հետաքրքրական էջերից է, ուր Կոմսը, զարգացող երկխօսութեամբ «ապացուցում է» Զարեանին, որ Շէյքսփիրի նկարագրած կղզին դա հէնց Գորֆուն է, որտեղ իրենք են: Լաուրենս Տարըլը առհասարակ տպաւորուած է Զարեան անձի եւ գրողի անհատականութեամբ, չմոռանալով յիշել, որ իրենց հաւաքոյթներին նա Համլէտի «Լինել, թէ չլինել»ը յաճախ արտասանում էր ռուսերէն, հայերէն, ֆրանսերէն եւ իտալերէն: *** Ժամանակը, որքան առաջանում էր, այնքան աւելի էի զգում Զարեանի շուրջը տիրող, վերեւից եկող, անտարբերութիւնը: Բացի իր ընտանիքից եւ սակաւաթիւ մտաւորականներից, չկար իրեն արժանի ճանաչումը, քանի որ գործերը չէին տպագրւում: Իսկ գործերը շատ էին, կարօտ ուսումնասիրութեան եւ հրապարակման: Կէսօրեայ իմ աշխատակցութիւնը (թէեւ հարկ եղած դէպքում մնում էի երկար, երբեմն շաբաթ-կիրակի օրերը նոյնպէս), կաթիլ էր ովկիանոսում: Խոշոր գրասեղանի վրայ կուտակուած նիւթերը հարկաւոր էր գոնէ դասաւորել ըստ ժամանակագրութեան, գրի առնել: Խնդրեցի քրոջս՝ Սերիկին մի քանի օր գալ հետս օգնելու: Նա աշխատում էր Հանրային գրադարանի Արուեստի բաժնում, եւ սիրով համաձայնուեց: Ի հարկէ, Զարեանի որդին՝ Արմէնը ամեն օր մտնում էր արագ, հօր որպիսութիւնը հարցնելու, հրատապ որեւէ բան շտկելու տանը: Սակայն նրա ժամանակը խիստ ծանրաբեռնուած էր. «Երեւաննախագիծ» հաստատութիւնում իր արհեստանոցը, Արուեստի ինստիտուտը, բազում գիտաժողովները, նորաստեղծ Հանրագիտարանը (այստեղ նա ճարտարապետութեան գիտա-ճիւղային խմբագրութեան խորհրդատու-նախագահն էր) եւլն., եւլն.: *** Մի օր լսեցի, որ հայր ու որդի խօսում են ինչ-որ վարագոյրների մասին: Տանը վարագոյրներ չկային, աւելի ճիշդ կային հրաշալի հոլանտական վարագոյրներ, որ կախող չկար: Քոյրս, որ այնտեղ էր, միջամտեց խօսակցութեանը, ասելով, որ Հանրային գրադարանում մի շատ լաւ արհեստաւոր կայ, որ կարող է օգնել: Երկու օր յետոյ նա եկաւ՝ Գուրգէն Եդիգարեանի հետ, բոլոր սենեակներում վարագոյրները կախուեցին, եւ տունը կերպարանափոխուեց: Ի դէպ Գուրգէնը դրամ չվերցրեց այդ աշխատանքի համար: *** Աշխատանքից յետոյ, գրեթէ ամեն օր, Վարպետը հարցնում էր ինձ. - Այսօր կարո՞ղ ենք միասին ճաշել: Ու գրեթէ ամեն, ամեն անգամ ես տատամսոտ ներողութիւն էի խնդրում, ասելով որ պէտք է մանկապարտէզ վազեմ, երեխայիս հասնելու: Ի հարկէ, ուրիշ պատճառ եւս կար: Ընդհանրապէս նա ճաշում էր «Արմենիա» հիւրանոցում, հետեւաբար ինքը պէտք է վճարէր երկուսիս համար: Ինձ համար անասելի դժուար էր ընդունել այդ հիւրասիրութիւնը, որին ես բնաւ սովոր չէի: Ի հարկէ, մի քանի անգամ, ինչպէս ասում են «խաթրը չկոտրելու համար» ընդունեցի հրաւէրը եւ գնացի: Պիտի ասեմ, որ հակառակ իր մեծութեանը, իր հպարտ ու արժանապատիւ կեցուածքին, նա միաժամանակ չափազանց մաքուր ու ջինջ հոգի էր, պարզ, չպարտադրող պահուածքով: (Շար. 6) «Նոր Յառաջ», թիւ 294
Նոյյան տապան  -   Գրական էջ