ԱԻՆ-ը կոչ է անում խստագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ հրավառություն եւ այլ հրագործական արտադրանք կիրառելիս


ԱԻՆ-ը կոչ է անում խստագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ հրավառություն եւ այլ հրագործական արտադրանք կիրառելիս

  • 30-11-2011 19:14:17   | Հայաստան  |  Հասարակություն
Նոյեմբերի 30-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ կազմակերպված խորհրդակցությունը նվիրված էր հրագործական արտադրանքի անվտանգ կիրառման խնդիրներին։ Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, նախարար Երիցյանը նշել է, որ առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում եւ այլ վայրերում բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների եւ այլ արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս բացառել չլիցենզավորված եւ կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառումը, ինչպես նաեւ վերահսկել դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը։ ԱԻՆ Պետական հրդեհային տեսչությանը հանձնարարվել է ճշտել եւ հաշվառել հանրապետության տարածք հրավառություններ եւ հրագործական այլ արտադրանք ներմուծողների ցանկը, ինչպես նաեւ պարզել եւ ուսումնասիրել այդ արտադրանքի պահեստավորման եւ պահպանման վայրերը։ Պետական հրդեհային տեսչությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ կիրականացնի համատեղ միջոցառումներ` կազմակերպելով այցելություններ հրավառությունների պահպանման վայրեր եւ դրանք կիրառող օբյեկտներ։ Ձեռնարկվող բոլոր աշխատանքները կիրականացվեն ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հիշեցնում է, որ մարդկանց կյանքն ու առաղջությունը պահպանելու, հրդեհներից ու այլ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հրավառություն եւ այլ հրագործական արտադրանք կիրառելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոններն ինչպես բնակարաններում, այնպես էլ մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում։
Նոյյան տապան  -   Հասարակություն