«ET CETERA» ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ<br /> ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ<br />


«ET CETERA» ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ
ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

  • 27-04-1998 17:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 25-ին Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի հետ մեկտեղ կազմակերպել էր Կիլիկիայի հայկական թագավորության 800-ամյակին նվիրված ուրույն մի ցուցահանդես, որը «Et cetera» («Եւ այլն») անունն էր կրում: Ցուցահանդեսում ներկայացված` «Այաս» ակումբի կողմից վերականգնվող Կիլիկյան թագավորության առեւտրական նավի կրկնօրինակի տարբեր մասերը ինքնին հետաքրքրություն առաջացնելով` «et cetera»-ով ասելիքը դարձնում են շարունակելի: Ցուցահանդեսի համադրող, նկարիչ Ստեփան Վերանյանի խոսքերով, «et cetera»-ն առաջին հայացքից բացթողում է, «բայց այն, ինչ բաց է թողնված, ավելի կարեւոր է, քան այն, ինչ բաց չի թողնված: Գլխավորը «et cetera»-ում է»: Ձայնային, լուսային եւ գունային էֆեկտներով ներկայացված այս ցուցահանդեսը մեծ տպավորություն գործեց հրավիրվածների վրա, որոնց մեջ կային Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, պաշտոնյաներ: Նշենք, որ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, որ հիմնադրվել է 1985 թվականին, իր առջեւ նպատակ է դրել վերականգնել 13-րդ դարի Կիլիկյան հայկական առեւտրական առագաստանավի կրկնօրինակը եւ որպես վերջնական նպատակ ձեռնարկել արշավ հին հայկական առեւտրային ծովուղիներով (Սեւ ու Միջերկրական ծովերով, Ատլանտյան օվկիանոսով)` պահպանելով միջնադարյան նավարկության մեթոդները եւ գործիքները, նավաստիների կենցաղը: Ներկա դրությամբ, ըստ ակումբի նախագահ Կարեն Բալայանի, արդեն պատրաստ են նավի կմախքի մի քանի խոշոր մասեր` ողնուցը, քթամասը, կողերը: Ըստ նրա, շատ կարեւոր է նաեւ այս ամենով մեկ անգամ եւս աշխարհի ուշադրությունը բեւեռել Հայաստանի վրա, ցույց տալով, որ նույնիսկ ծանր պայմաններում մենք ի վիճակի ենք լուծել համամարդկային խնդիրներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ