Ընթացիկ տարում 7 շինարարական կազմակերպություններ հայտնվել են Ֆինանսների նախարարության «սեւ» ցուցակում


Ընթացիկ տարում 7 շինարարական կազմակերպություններ հայտնվել են Ֆինանսների նախարարության «սեւ» ցուցակում

  • 02-12-2011 20:22:48   | Հայաստան  |  Տնտեսություն
Կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար պետական բյուջեից 2009-2010թ.թ.-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 52 մլն 434 հազար դրամի տարբեր բնույթի խախտումներ: «Նախարարը հայտարարեց, որ ՎՊ-ի կողմից արված բոլոր դիտողությունները եւ ստուգմամբ արձանագրված փաստերը քննարկվել են, կան մարդիկ, որոնք ստացել են համապատասխան պատիժներ, եւ գրեթե 90-95 տոկոսով մեր կողմից արձանագրված խախտումները վերականգնվել են», - դեկտեմբերի 2-ի ասուլիսում հայտնեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Ըստ նրա, ստուգված ընդհանուր ծավալն եղել է 1 մլրդ 390 մլն դրամ, որից հսկիչ չափագրման են ենթարկվել 707 մլն 850 հազար դրամի աշխատանքներ: Ընդ որում` 52 մլն 434 հազար դրամի խախտումների ընդհանուր ծավալից, մասնավորապես, 6.9 մլն դրամը ծավալային հավելագրումներ են, շուրջ 30 մլն դրամը` անորակ աշխատանքներ: Ինչպես հայտնեց Ի.Զաքարյանը, ասուլիսին նախորդած ՎՊ խորհրդի նիստում քննարկվել է նաեւ շինարարական մի կազմակերպության` «Օրբիս» ՍՊԸ-ի, հարցը: Նա չբացառեց, որ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում, առաջիկա օրերին, հավանաբար, այդ կազմակերպության գործը` կապված «չափից դուրս անորակ կատարած աշխատանքների», նաեւ հասցված վնասը վերականգնելու ցանկության բացակայության հետ, ուղարկվի Գլխավոր դատախազություն: ՎՊ նախագահի պարզաբանմամբ, խոսքը 6 մլն դրամն անհապաղ բյուջե վերադարձնելու մասին է: Ասուլիսին ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ հայտնեց, որ հիշյալ կազմակերպությունը պետք է իրականացներ Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի մասնաշենքի տանիքի հիմնանորոգումը: Նա նշեց նաեւ, որ միայն այս տարի 8 նմանատիպ շինարարական կազմակերպություններ զրկվել են լիցենզիայից եւ 7 կազմակերպություններ արդեն իսկ հայտնվել են Ֆինանսների նախարարության «սեւ» ցուցակում, այսինքն` այդ կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցել պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մրցույթներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն