ԺԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ԳԻՆԻՆ ԹՈՒՆԴ Է, ԵՍ ԱՎԵԼԻ»<br /> ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆ ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ<br />


ԺԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ԳԻՆԻՆ ԹՈՒՆԴ Է, ԵՍ ԱՎԵԼԻ»
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆ ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ

  • 02-04-1998 18:07:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-ին Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ Ժաննա Աբրահամյանի բանաստեղծությունների առաջին` «Գինին թունդ է, ես ավելի» ժողովածուի քննարկումը: Քննարկման ժաամանակ Գրողների միության քարտուղար Աբգար Ափինյանը նշեց, որ «մեզ պետք են ոչ թե գրողներ, այլ տառապողներ, աստված տվել է այդ ձիրքը տառապելու համար» եւ բանաստեղծուհուն մաղթեց «միշտ տառապել»: Հնչած այն կարծիքին, որ «այս ժողովածուն կարդալիս անմիջապես զգացվում է, որ հեղինակը կին է», բանաստեղծ Հրաչյա Մաթեւոսյանը նկատեց, որ դա վատ բան չի, կարեւորը «որ սա կանացի գիրք չէ եւ ոչ էլ կանանց գիրք»: Գրողների միության անդամները նշեցին նաեւ, որ Ժաննա Աբրահամյանը մտել է զուտ տղամարդկային մի կալվածք, որտեղ վերապրելու համար անընդհատ անհրաժեշտ է նորանոր «կալվածքներ գրավել»: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեց Ժաննա Աբրահամյանը, այս առաջին գրքին հետեւելու են եւս երկուսը` «Ֆայտոն չեղան իմ ձիերը» եւ մանկական բանաստեղծությունների «Վայ, արեւն էլ է դեղին» ժողովածուները: Իսկ «Գինին թունդ է, ես ավելի» ժողովածուն տպագրվել է Արմավիրի քաղաքապետի եւ մարզպետի օժանդակությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ