ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ի պաշտպանություն
Հայաստանում օրինականության հաստատման նորաստեղծ Ազգային խորհրդի
ներկայացուցիչ Ռաֆայել Ղազարյանը հայտնեց, որ ներկայումս ԱԽ-ում
տեղի են ունենում խորհրդի կազմի ընդլայման նպատակով նոր
թեկնածությունների վերաբերյալ քննարկումներ, ճշտվում են
չափանիշները, որոնցով պետք է ընդգրկվեն նոր անդամները:
Կազմավորվելու է ավագանի, որի անդամներին ժողովուրդը վստահում է,
որոնք վարկաբեկված չեն եւ պաշտոնների չեն հավակնում:
ԱԽ-ի առաջնահերթ նպատակներից է «հարթեցնել այն սեպերը, որոնք
գոյություն ունեն քաղաքական խմբավորումների միջեւ, եւ հասնել
համազգային համախմբման», ինչպես նաեւ «հանցավոր խմբավորման
հեռացումն իշխանությունից, իրավիճակի կայունացումը եւ նոր, արդար
ու ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստումը»: Ազգային
խորհրդի ներկայացուցիչներին, ըստ Ռ.Ղազարյանի, շատ է ոգեւորում
«Երկրապահ» կամավորականների դիրքորոշումը, որոնք աջակցում են ԱԽ-ին
եւ, հնարավոր է, անհրաժեշտության դեպքում կօգնեն ամբիոն ստանալ
Ազգային ժողովում հաղորդումների, կոչերի եւ հայտարարությունների
համար:
«Ներկայումս ամենակարեւորը ժողովրդի ակտիվությունն է, որն
անպայման պետք է արտահայտի իր կամքը, աջակցի բոլոր առողջ ուժերին,
որոնք ձգտում են երկիրը վերադարձնել դեպի առողջացում` բարոյական,
տնտեսական, սոցիալական, եւ ամենակարեւորը` Արցախի հարցը լուծել
ճիշտ հունով»: Միաժամանակ, Ռ.Ղազարյանը բնակչությանը կոչ արեց
զգուշանալ սադրանքներից, չընդառաջել իրավիճակի ապակայունացման
նպատակով քայլեր ձեռնարկելու կոչերին եւ խուսափել ժողովրդական
հուզումներ հարուցող ձեռնարկներից: