ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ. ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ


ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ. ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

  • 06-12-2011 15:07:58   | Ֆրանսիա  |  Գրական էջ
ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ (1885-1969) ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ — ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ — Մաս Հինգերորդ Ծանր է տանում կնոջ մահը, քիչ էր խօսում, բայց տառապում էր ներքուստ: 1962ին, չնայած հիւանդ վիճակին, Ֆրենսիս Պրուքսը ամուսնու հետ Հայաստան էր եկել: Տարիներ յետոյ, բժշկուհի բարեկամուհուս՝ Ամալիա Գաբրիէլեանի տանը հանդիպեցի Պրուքսին բուժող բժիշկ ժենիա Խաչատրեանին, որը այդ տարիներին աշխատել էր Երեւանի Արեան փոխներարկման հիւանդանոցում: Նա ինձ պատմեց հետեւեալը. - Ֆրենսիսը պառկեց մեր հիւանդանոցում 1963ին: Այդ ժամանակ Զարեաններն ապրում էին հիւրանոցում: Բարեկազմ, ոչ շատ գեղեցիկ, բայց հետաքրքիր արտաքինով, անշուշտ տարբերուում էր միւս հիւանդներից: Ամուսինը այցելում էր ամեն օր, առաւօտեան: Իր ծննդեան օրը գնեցի թէյի գաւաթներ եւ շոկոլադի տուփ: Երբ վիճակը ծանրացաւ, որոշեցին Հոլանտիա տեղափոխել, ուր ապրում էր որդին: Այնտեղից ինձ փոքրիկ ծանրոց ուղարկեց մէջը սպիտակ մոհերից շալ եւ մի սպիտակ փետուր, որ մինչեւ այսօր չգիտեմ դրա նշանակութիւնը, բայց պահեցի իբրեւ յիշատակ: (Ժենիա Խաչատրեան, Երեւան, Յուլիս 1981) Պրուքսը մահացել է Հոլանտիայում 1964ին: *** Զարեանը սիրում էր էլեգանտ հագնուել: Երբեք չեմ տեսել հէնց այնպէս, տնային հագուստով: Մայիսեան արեւոտ, պայծառ օր էր: Երբ իր տուն հասայ, ինքը պատրաստւում էր թանգարան գնալ: Թեւին բաց սրճագոյն թիկնոց էր գցած: Ասացի, որ շատ տաք է, գուցէ կարիք չկայ թիկնոցի: Ինքը թէ. - Հէնց այնպէս, ձեւի համար: Դա նոյնպէս ինքն էր: Փողկապ չէր կապում, այլ՝ papillon: Մի օր ասաց, որ կ?ուզենար նոր հագուստ գնել, բայց դժուար է գտնել: Ես վարանոտ ասացի, որ արդէն իր ունեցածները շատ են, իսկ Արմէնը, որ տանն էր, անխօս յօնքերը բարձրացրեց ու պահարանին մօտենալով հաշուեց 27ից աւելի շքեղ կոստիւմներ: Երեքս էլ մի լաւ ծիծաղեցինք, իսկ Վարպետը «արդարանալու» համար ասաց. - Դէ, ի՞նչ կայ որ, այնպէս, փոփոխութեան համար: Յունիսն էր: Սովորականի պէս տեղս նստած նոր բանաստեղծութիւններից էի մեքենագրում («Սպանիա»ն արդէն վերջացրել էի): Վարպետը իր մտքերով տարուած քայլում էր նոյն սենեակում մեքենայի չխկչխկոցի տակ: Ես դադարեցի եւ հարցրի, թէ մեքենայի ձայնը չի՞ խանգարում արդեօք: - Ոչ,- ասաց մեկուսի, ապա կարծես ինքն իրեն. - Շատ խորն է մեր ժողովուրդը, որ արտաքուստ չի երեւայ, բայց շարժի՛ր եւ տակը Պախ է: Այդ պահին յիշեցի Զարեանի մի այլ արտայայտութիւն. «Հայաստանը երկիր չէ, այլ՝ հոգեբանութիւն է» («Միացեալ Նահանգներ»): *** Չնայած «Սպանիա»ն վերջացրել էի, բայց հսկայական անելիք կար, իսկ հրատարակութիւնների հեռանկարը անորոշ էր: Արմէնի հետ երբեմն խօսում էինք այդ մասին: Հարցրի մի օր, թէ չկա՞յ արդեօք Սփիւռքում գործերը հրատարակելու որեւէ հնարաւորութիւն: Նա պատասխանեց. - Պօղոս Սնապեանը (վերջինս, 1964ին Պէյրութում լոյս տեսած «Աւազախրուած նաւը» աշխատութեան հեղինակն էր - Ս.Ա.) որոշել է հօրս ամբողջական գործերը հրատարակել նրա մահից յետոյ: Նայելով Արմէնի մտահոգ դէմքին, գերադասեցի չշարունակել խօսակցութիւնը: *** Արմէն Զարեան Ճարտարապետ, տեսաբան, ՔԱՂԱՔԱՑԻ: Աշխատանքի բերումով շուրջ երկու տասնամեակ առընչուել եմ այդ պայծառ մարդու հետ ու մշտապէս հիացել նրա հերոսական կերպարով: Աւելի ուշ, երբ աշխատանքի անցայ Հանրագիտարանի խմբագրութիւնում, ուր Արմէնը արդէն ճարտարապետութեան գիտաճիւղային խմբագրութեան խորհրդի նախագահն էր, իր յօդուածներով ոչ միայն մասնակից էր մեր գործին, այլ մշտապէս ներկայ՝ երբ զգացւում էր իր կարիքը: Նա իր անձնական գրադարանից մեզ նուիրեց մասնագիտական մի շարք գրքեր, որոնց թւում "Robert 2" եւ Larousse-ի հրատարակութեամբ արուեստի երկհատոր շքեղ ու արժէքաւոր մի հանրագիտարան, որ շատ օգտակար եղաւ յօդուածները համեմատելու, պատկերազարդումը լրացնելու համար: (Ի դէպ այդ տարիներին ես կրում էի ամուսնուս՝ Յարութիւնեան ազգանունը): (Շար.10) «Նոր Յառաջ»
Նոյյան տապան  -   Գրական էջ