ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ<br /> ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԺԱՌԱՆԳՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»<br />


ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԺԱՌԱՆԳՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

  • 26-01-1998 20:11:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Գերմանիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում պահպանում է իր ժառանգորդությունը, ինչը Հայաստանի համար կարող է ունենալ չափազանց բացասական հետեւանքներ: «Գերմանական արտաքին քաղաքականության ժառանգորդությունը կովկասյան-մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ Հայաստանը» խորհրդաժողովը նախազգուշական բնույթ ունի, նրա նպատակն է արգելակել գերմանացի քաղաքական գործիչների հակահայկական գործողությունները»: Այս մասին «Նոյան տապանի» թղթակցին հայտարարեց Բարձր տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Իգոր Մուրադյանը: Նա ուշադրություն դարձրեց Գերմանիայի բացահայտ ադրբեջանամետ քաղաքականության դրսեւորման վրա, որ վերջին ամիսներին սաստկացել է: Ի.Մուրադյանը նշեց, որ 1997 թվականի նոյեմբերին Բունդեսթագն ընդունել է հայտարարություն, ուր ղարաբաղյան հակամարտության մեջ հայկական կողմի գործողությունները գնահատվում են իբրեւ ագրեսորի գործողություններ: Դրանից բացի, Կոպենհագենում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպմանը Գերմանիայի արտգործնախարար Կլաուս Քինկելը առաջարկել է մտցնել «Կոնսենսուս մինուս 1» բանաձեւը: Պրն. Մուրադյանի կարծիքով, թեկուզեւ ռուսաստանցի քաղաքական գործիչները գտնում են, որ այդ առաջարկն ուղղված է Ռուսաստանի դեմ, սակայն, տվյալ դեպքում, ըստ Ի.Մուրադյանի, այդ գաղափարի իրականացման համար փորձադաշտը Լեռնային Ղարաբաղն է: Ի Մուրադյանը նշեց, որ խորհրդաժողովը կարող է մի շարք սեմինարների ու խորհրդաժողովների նախադուռ դառնալ, որոնք հայ հասարակայնությանը հնարավորություն կտան մասնակցելու արտաքին քաղաքական խնդիրների քննարկմանը, քանի որ ՀՀ դիվանագիտական կառույցները չկարողացան դիմակայել Հայաստանի համար բացասական հետեւանքներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական