Ազգային ժողովի փոխնախագահի ընտրության դեկտեմբերի 6-ին անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահ ընտրվեց «ՀՀԿ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամլո խոսնակ, 36-ամյա Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի, խորհրդարանի 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 98-ը: Է.Շարմազանովի օգտին քվեարկել է 92 պատգամավոր, դեմ` 6: Առաջադրված մյուս թեկնածուի` «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, օգտին քվեարկել է 6 պատգամավոր, դեմ` 92:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ քաղխորհրդի դեկտեմբերի 1-ի նիստում որոշվել է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Է.Շարմազանովն ազատվելու է «ՀՀԿ» խմբակցության քարտուղարի պաշտոնից, սակայն շարունակելու է կատարել կուսակցության մամլո խոսնակի պարտականությունները: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարի պարտականությունները ստանձնելու է Գագիկ Մելիքյանը: