Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ Արցախի հիմնախնդրին նվիրված քաղաքագիտական գրքի շնորհանդես


Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ Արցախի հիմնախնդրին նվիրված քաղաքագիտական գրքի շնորհանդես

  • 14-12-2011 18:56:58   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բուրբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած «Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հաղորդագրության, գրքի հեղինակներն են՝ Վլադիմիր Կազիմիրովը (Ռուսաստան), Սերգեյ Մինասյանը (Հայաստան), Ժերար Գերգերյանը (Ֆրանսիա), նախաբանը գրել է Նիկոս Լիգերոսը (Հունաստան): Միջոցառման կազմակերպիչներն են եղել Ֆրանսիայում գործող «Չոբանյան ինստիտուտը», «Հայկական դիտարան» կազմակերպությունը եւ «SIGEST» հրատարակչությունը: Միջոցառման հովանավորն է եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: Գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, միջազգային իրավունքի եւ, մասնավորապես, Կոսովոյի նախադեպի շրջանակներում: Գիրքը նախատեսված է ԼՂ հիմնահարցով զբաղվող մասնագետների, քաղաքագետների եւ ընթերցող լայն շրջանակների համար: Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, դիվանագետներ, քաղաքագետներ, ուսանողներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների եւ լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ: Ժողովածուում տեղ գտած հրապարակումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող արդիական խնդիրների շուրջ ծավալված աշխույժ բանավեճ-քննարկումներին մասնակցել են եւ սեփական տեսակետների ներկայացմամբ ու մեկնաբանություններով հանդես եկել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ժաք Ռեմիլիեն, Հայկական դիտարանի ղեկավար Ռոբեր Հայդաբիրյանը, իրավագետ Ժերար Գերգերյանը, Չոբանյան ինստիտուտի ղեկավար Ժան-Վարուժան Սիրապյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական