Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին


Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին

  • 15-12-2011 22:12:08   | Հայաստան  |  Սպորտ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ըստ Հայաստանի նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Հանրապետության ղեկավարը հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկար տարիների նվիրումի եւ ձեռք բերած մարզական հաջողությունների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ Մովսես Խորենացու մեդալով: Հավաքականի անդամներին Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բոլոր անդամները ժամանակին պարգեւատրվելու են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պետական պարգեւներով: Սերժ Սարգսյանն անձամբ իր, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել հավաքականին՝ հատկապես 2011թ. ցուցադրած բարձր մակարդակի խաղի համար, որը հասարակության մեջ միասնականության, ոգեւորության եւ լավ տրամադրության առիթ դարձավ: «Չենք կասկածում, որ ինքներդ էլ ոգեւորության կարիք ունեք, ձեր ոգեւորության աղբյուրը ե՜ւ մեծ է, ե՜ւ հավերժական՝ դա մեր ժողովուրդն է»,-ասել է Նախագահը՝ ընդգծելով, որ այսօր ցանկանում է իր հարգանքի տուրքը մատուցել բոլոր նրանց, ովքեր երբեւէ խաղացել են Հայաստանի հավաքականում, ովքեր լավ հիմք են ստեղծել, ովքեր վաղ տարիքից մարզել են հավաքականի անդամներին: «Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը վստահ լինի, որ իր թիկունքում պետություն է կանգնած, պետություն, որ պատրաստ է այլեւս սատարելու, օժանդակելու իր մարզիկներին, պետություն, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սպորտը դառնա շատ-շատերի զբաղմունքի եւ ոգեւորության առարկան»,- ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ միջոցառման կազմակերպման համար եւ հանդիպման մասնակիցներին ջերմորեն շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւս, մաղթել, որպեսզի 2012թ. մեր երկրում հաջողություններն ավելի շատ լինեն, իսկ մեր հասարակությունը՝ ավելի ամրապնդված ու միասնական:
Նոյյան տապան  -   Սպորտ