Բյուրականի աստղադիտարանին հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիրը


Բյուրականի աստղադիտարանին հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիրը

  • 20-12-2011 21:54:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանին հանձնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիր: Ըստ Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրության, այն վկայում է «Աշխարհի հիշողության» միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայության գրանցման մասին: Այդ մեծածավալ դիտողական աշխատանքը կատարվել է 1965-1980թթ. Մարգարյանի եւ իր աշխատակիցների կողմից եւ աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունն է՝ ծածկելով հյուսիսային երկնքի մեծ մասը: Այն իր բնույթով եզակի է եւ նաեւ ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրն է, որի արդյունքում հայտնաբերվել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ): Մարգարյանի շրջահայությունը թվայնացվել է 2002-2005թթ. (Digitized First Byurakan Survey, DFBS) եւ ներկայումս նրանում պարունակվող կարեւորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է, ընդ որում այդ աշխատանքը Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր: Արդյունքում ներկայումս թե 2000 լուսանկարչական թիթեղների վրա, եւ թե թվային տեսքով պահպանվել են 20 միլիոն երկնային մարմինների սպեկտրալ տվյալները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992թ.` աշխարհում գոյություն ունեցող արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր, որն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները եւ արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում եւ պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից: Հայաստանից այդ ծրագրում դեռեւս 1997թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play