Տեղի ունեցավ «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը
22-12-2011 15:54:21 | Հայաստան | Նոր գրքեր
Դեկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ հայագետ, ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հայագիտական աշխատություն է։ Հեղինակն ավելի քան 20 տարի զբաղվում է հայագիտությամբ, առաջին հայագիտական հոդվածը տպագրել է 1987 թվակականին։ «1996թ. երկար պրպտումներից հետո 400 էջանոց մի գիրք գրեցի, եւ տեսա, որ ինձ այն չի բավարարում, որովհետեւ հասկացա, որ գնացել եմ այն ճանապարհով, որով գնում են բոլորը։ Այդ 400 էջի մեջ ես չտեսա այն խոսքը, որ միայն իմն էր, եւ սկսեցի փնտրել, թե ինչ ուղղությամբ է պետք ընթանալ։ Երկար պրպտումներից հետո ես հանգեցի եզրակացության, որ այդ նյութը հայկական ժայռապատկերներն են, որոնք որպես հնագիտական նյութ ամենահինն են ու ամենաամբողջականը։ Ժայռապատկերներից կարելի է նոր հավելյալ ինֆորմացիա քաղել հայ ժողովրդի պատմության, ծագումնաբանության եւ մյուս հարակից հարցերի վերաբերյալ։ Մի քանի տարիների ընթացքում այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփեցի երեք գրքերում»,- ասում է Համլետ Մարտիրոսյանը։
«Հայոց հնագույն պատմության էջեր» գիրքը հեղինակի չորրորդ հայագիտական աշխատությունն է։ Այն բաղկացած է չորս մասից։ Առաջինում՝ «Եդեմ երկրային եւ երկնային», հեղինակը միջագետքյան սեպագիր աղբյուրների եւ հայերենի տվյալների հիման վրա մեկնում է Եդեմի անվանումները, ճշգրտում է Եդեմից բխող չորս գետերի սեպագիր աղբյուրներում եւ Հին կտակարանում հիշատակվող անվանումներն ու ստուգաբանում դրանք։
Գրքի երկրորդ եւ երրորդ մասերում («Եդեմի արխիվը», «Հայկական նշանագրերի ուղին պալեոլիթից մինչեւ միջնադար») բերվում են գրավոր վկայություններ, որ Սյունիքի ժայռապատկերները փորագրել են «նախաջրհեղեղյան նահապետները»։ Մի նշանագրի օրինակով ցույց է տրվում Սյունիքի նշանագրերի անընդհատ գործածությունը Հայաստանում, սկսած վերին հին քարե դարից մինչեւ մեր օրերը, եւ նրանց առկայությունը շումերական եւ եգիպտական գրերում։
Գրքի վերջին մասը՝ «Հիքսոսների առեղծվածը», նվիրված է հիքսոսներին։ Հնագիտական, դիցաբանական եւ լեզվաբանական տվյալների հիման վրա առաջ է քաշվում հիքսոսների հայկական ծագման վարկածը։
Համլետ Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակների համար։