ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ («ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»): Բնապահպանության
հիմնախնդիրներից մեկը ծանր մետաղների աճող ազդեցությունն է շրջակա
միջավայրի վրա: Օրգանիզմում մետաղների կուտակման ընդունակության
հետեւանքով մուտագենային եւ քաղցկեղածին էֆեկտները կարող են
արտահայտվել տարիներ անց: Ամենավտանգավոր հետեւանքներից մեկը ծանր
մետաղների ազդեցությունն է սաղմի վրա` պատճառ դառնալով
խանգարումների, վիժումների, կամ պտղի մահվան:
Ինչպես հաղորդեց ՀՀ ԳԱԱ բնապահպանական-նոոսֆերային
հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, կենտրոնի
գիտնականները կազմել են Երեւանի բնապահպանական-երկրաքիմիական
քարտեզները, որտեղ ցույց է տրվում ծանր մետաղների խտության
տարաբաշխումը 125 քառ. կմ մակերեսի վրա: Պերինատալ մահացության
բժշկական տվյալների հետ այս տվյալները համադրելիս բացահայտվել է
մահացության ցուցանիշի եւ շրջակա միջավայրում պղնձի ու արճճի
պարունակության միջեւ լիակատար համահարաբերակցություն:
Ա.Սաղաթելյանը նշեց, որ նման ուսումնասիրությունները պետք է
լինեն հիմնարար քաղաքի կառուցապատումը ծրագրավորելիս եւ
սանիտարա-առողջաբանական վերահսկողության համար: Նրա խոսքերով,
Երեւանի բնակելի շատ զանգվածներ վատ են օդափոխվում եւ հայտնվում են
արտադրությունների վնասակար արտանետումների միագումարման գոտում:
Ըստ վնասակար արտանետումների վտանգավորության, որոնք պարունակում
են նաեւ ծանր մետաղներ, առաջին կատեգորիայի ձեռնարկությունների մեջ
Երեւանում առաջին տեղը զբաղեցնում է ՋԷԿ-ը: Բացի նրանից, առաջին
քառյակի թվում են լամպերի գործարանը, քիմմաքրման «Արաբկիր»
ձեռնարկությունը եւ «Նաիրիտ» ԳԱՄ-ը:
Ա.Սաղաթելյանի խոսքերով, շրջակա միջավայրի կառավարման
այլընտրանքային մեթոդներից մեկը, որոնք թույլատրում են նվազեցնել
օրգանիզմի վրա վնասակար ազդեցությունները, քաղաքի ֆունկցիոնալ
կանաչապատումն է: Կենտրոնում առաջարկվել է կանաչապատման այնպիսի
սխեմա, որն ընդունակ է 40 տոկոսով փոքրացնել արտանետումների
վնասակար հետեւանքները դրանց առավել խտացման շրջաններում: