ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ «ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ» Է ՍԿՍՈՒՄ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ
18-01-1996 16:00:00 | Հայաստան | Միջազգային
ՆՈՐ ԴԵԼԻ, հունվարի 17 (ՆՏ-AFP) Հնդկաստանի վարչապետ
Նարանսիմա Ռաոն չորեքշաբթի օրը քաղաքական արշավ է սկսել Արեւմտյան
Բենգալիայի նահանգի կոմունիստական կառավարության, կոչ անելով, որ
նրանց թույլ չտրվի մասնակցել այս տարվա նահանգական օրենսդրական
մարմնի ընտրություններին:
Արեւելյան Կալկաթայում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ, որին
մասնակցել են մի քանի հազար մարդ, վարչապետը ասել է, որ
կոմունիստները երբեք չեն կարողանա ապահովել կայունություն եւ
ծաղրել է նրանց քաղաքականությունը` այն հակադրելով իր վարած ազատ
շուկայական քաղաքականությանը: Կալկաթան 67մլն բնակչություն ունեցող
Արեւմտյան Բենգալիայի մայրաքաղաքն է, որը 1977 թվականից
կոմունիստների կողմից է կառավարվում: Դա աշխարհում ամենից
երկարակյաց օրենքով ընտրյալ կոմունիստական ռեժիմն է: