ՀՈՂՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱԿԱՀԵՏՒԱԿԱՅԻՆ ԱԿԱՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ԿՊԱՀԱՆՋՎԻ 1100 ՏԱՐԻ ԵՒ 33 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
15-01-1996 20:15:00 | Հայաստան | Միջազգային
Ժնեւ, հունվարի 12, (ՆՏ - AFP) Այս շաբաթ վերսկսվելու են
միջազգային ջանքերը հակահետեւակային ականների կիրառումը
սահմանափակելու ուղղությամբ, որոնցից աշխարհի 64
երկրներում կան 110 միլիոն հատ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հողի մեջ մնացած
ականները յուրաքանչյուր ամիս սպանում եւ խեղում են շուրջ 2000
մարդ, հողի մեծ տարածքներ դարձնում ոչ մշակելի եւ սահմանափակում
փախստականների վերադարձը, մեծ վնաս հասցնելով տնտեսությանը:
Այս սարսափազդու զենքեր կիրառվում են ավելի շատ խաղաղ
բնակչության դեմ, քան թե սոսկ ռազմական նպատակների համար: Դրանք
մնում են տեղում` կոնֆլիկտներից հետո շատ ավելի երկար ժամանակ:
Դրանցից շատերը այժմ մեծամասամբ պատրաստված են պլաստմասսայից, եւ
դրանք գրեթե անհնար է հայտնաբերել:
Ըստ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի, որ ցանկանում է հասնել
նման զենքերի լրիվ արգելման, 25 երկիր իսկական ճգնաժամի մեջ են իրենց
հողում եղած ականների պատճառով:
Այս տեսակետից մենավատթար վիճակի երկրների թվում են Անգոլան,
Էրիթրեան, Մոզամբիկը, Սոմալին, Սուդանը, Աֆղանստանը, Կամբոջան,
Բոսնիան եւ Իրաքի Քրդստանը:
Սոմալիում հարյուր հազարավոր ականներ արգելք են հանդիսանում
անասուններին արոտավայրերից բերելու ժամանակ: Լիբիայում մշակելի
հողատարածքների 27%-ում դեռ կան Երկրորդ համաշխարհային պատերազմի
ժամանակների ականներ:
Նույնիսկ այնպիսի կարճ կոնֆլիկտ, ինչպիսին, Վրաց-աբխազականն
է, կարող է առաջացնել տասնյակ զոհեր ականներից:
Ըստ ԿԽՄԿ, ականներից տուժած, բայց չսպանված մարդկանց երրորդը
կորցրել են վերջավորությունները: Երեխան, որ 10 տարեկանում
վիրավորվել է, կարիք կզգա, իր մեծանալուն զուգընթաց, 25 անգամ
փոխել իր պրոտեզները, ինչը կարժենա ընդհանուր առմամբ 3125դոլար:
Ականի արժեքը տատանվում է 3-30 դոլարի սահմաններում, սակայն
այն հայտնաբերելու եւ լիցքաթափելու գինը` 300_1000դոլար, մինչդեռ
ամեն մի 5000 ական ականազերծելիս մի մասնագետ սպանվում է եւ
երկուսը վիրավորվում են:
Հողում թաղած ականների վնասազերծման գինը աշխարհում 33 մլրդ
դոլար է, մինչդեռ ներկա պայմաններում այն իրականացնելու համար
կպահանջվի 1100 տարի: Եւ այն էլ այն դեպքում, եթե բոլոր
ականապատումներթը դադարեն սրանից հետո:
Սակայն հուլիսին Ժնեւում ականազերծման վերաբերյալ տեղի
ունեցած ՄԱԿ_ի խորհրդակցության ժամանակ ակնկալվող 75մլն դոլարից
միայն 20մլն ձեռք բերվեց: Մինչդեռ անցած տարի 100,000 ական
վնասազերծվել է, եւ փոխարենը երկու մլն դրվել է: