ԱՄՆ-Ի ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍԸ ԴԱՆԴԱՂՈՐԵՆ «ՈՒՇՔԻ Է ԳԱԼԻՍ» ՁՆԱԲՔԻՑ
10-01-1996 18:55:00 | Հայաստան | Միջազգային
Հունվ. 10 (ՆՏ-AFP) ԱՄՆ-ի արեւելյան մասում, որտեղ անցել է
վերջին 70 տարվա ամենադաժան ձնաբուքը, աստիճանաբար բացվում են հիմնական
մայրուղիները եւ օդանավակայանները, սակայն կառավարական աշխատողներն
արդեն երրորդ օրն է, որ ստիպված դուրս չեն գալիս աշխատանքի:
Ձնաբքի պատճառով զոհվել է 63 մարդ, որոնց մեծ մասը`
ճանապարհային պատահարներում, իսկ մի որոշ մասն էլ` սրտի նոպաներից,
երբ բահով իրենց համար ճանապարհ էին մաքրում:
Փրկարար ուղղաթիռները ուտելիք եւ ծածկոցներ են նետել
Վիրջինիա նահանգի Շենանդո ազգային զբոսայգում ձյուների մեջ մնացած
երեք խումբ մարդկանց:
Նոր ձյուն է տեղացել Վաշինգտոնում կեսօրին` մի նոր շերտ
ավելացնելով 45սմ-ոց ձյան ծածկոցին: Չորեքշաբթին արդեն երկրորդ օրն է,
որ դաշնային կառավարությունը Վաշինգտոնում դեռեւս փակ է եղանակի
պատճառով, սակայն դրան նախորդել է 21 օր տեւած աշխատանքների մասնակի
դադարեցում, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի բյուջեի հետ կապված քաղաքական
վիճաբանության պատճառով:
Մայրաքաղաքում եւ դրա շուրջն ընկած խոշոր ճանապարհներ արդեն
բացվել են երթեւեկության համար, բայց շատ երկրորդական ճանապարհներ
դեռեւս ծածկված են ձյան հաստ շերտով:
Նյու Յորքի ֆինանսական շուկաները մեկօրյա խափանումից հետո
նորմալ են գործում: Երկօրյա կաթվածից հետո վերականգնվել է փոստի
աշխատանքը: