Մոսկվայում նշվել է Կիմ Բակշիի ծննդյան 80-ամյա հոբելյանը
11-03-2011 20:30:54 | Ռուսաստան | Մշակույթ
Մարտի 10-ին Մոսկվայի ազգությունների տանը տեղի ունեցավ անվանի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված երեկոն: Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ռուսաստանյան մշակույթի, հասարակական եւ գիտական ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:
Հայ ժողովրդի բարեկամ, ականավոր լրագրող եւ հասարակական գործիչ Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության 40 եւ ավելի տարիները նվիրել է Հայաստանին եւ հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Նա իր նվիրվածությունը Հայաստանի հանդեպ արտահայտել է ,Արծիվն ու սուրըե, ,Ճակատագիրն ու քարըե ստեղծագործություններով եւ բազմաթիվ այլ գրքերով ու հրապարակումներով: Առանձնակի կարեւորություն ունի նրա` ,Մատենադարանե խորագրով ֆիլմաշարը:
80-ամյա հոբելյանի առթիվ անվանի գրողին իր շնորհավորական ուղերձն էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որում մասնավորապես նշված է մտավորականի մեծագույն շնորհն ու հայանպաստ գործունեության կարեւորությունը: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ներկայացնելով ուղերձը, իր շնորհավորական խոսքում նշեց, որ անվանի գրող Կիմ Բակշին իր ուրույն տեղն ունի Հայաստանի այն վստահելի եւ սիրելի բարեկամների շարքում, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունեն հայ ժողովրդի պատմության եւ մշակութային ժառանգության քարոզման գործում:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը մեծանուն մտավորականի ծննդյան տարեդարձի առթիվ երեկոյին ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ով նաեւ ընդգծեց Կիմ Բակշիի գրական ջանքերի կարեւորությունը ռուսաստանյան հանրությանը պատմական Արցախի ներկայացման գործում:
Բազմաթիվ շնորհավորանքներից հետո Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը Կիմ Բակշիին շնորհեց Ռուսաստանի Կովկասյան ակադեմիայի` ,Խաղաղությունը Կովկասումե մեդալը: Կիմ Բակշին պարգեւատրվեց նաեւ Ռուսաստանի հայերի միության հոբելյանական շքանշանով: