Եվրոպայի Լիգա. Պորտուգալական դերբիում հաղթեց «Պորտուն»
19-05-2011 14:39:36 | Հայաստան | Սպորտ
Իռլանդիայի Դուբլին քաղաքի «Ավիվա» մարզադաշտում կայացավ Եվրոպայի Լիգայի 2010/11 խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Այս անգամ մրցաշարի ամենակարեւորագույն խաղը պատմության մեջ առաջին անգամ լիովին պորտուգալական էր: Միմյանց դեմ պայքարի էին դուրս եկել «Պորտուն» եւ «Բրագան»: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի չեմպիոնների` «Պորտուի» ֆուտբոլիստների:
Հաղթական գոլը հանդիպման առաջին կեսի վերջին վայրկյաններին իր հաշվին գրանցեց մրցաշարի լավագույն ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: Վերջինս դառլնալով 18 գոլի հեղինակ, շրջանցեց «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանին, ով 1995/96թթ. մրցաշրջանում աչքի էր ընկել 16 անգամ:
Եւս մեկ հետաքրքիր փաստ: «Պորտուի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, ով կարողացավ իր թիմի հետ նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը: Վիլաշ-Բոաշը պատվավոր մրցանակը նվաճեց 33 տարեկան 213 օրեկան հասակում: Նախկին «ռեկորդը» պատկանում էր Ջանլուկա Վիալիին, ով «Չելսիի» հետ չեմպիոն էր հռչակվել 33 տարեկան 308 օրեկան հասակում:
Հավելենք, որ «Պորտուի» օգտին եւս մեկ ռեկորդ գրանցվեց: Թիմը կարողացավ հաղթել անցկացրած խաղերից 14-ում, այդկերպ թարմացնելով «Բարսելոնայի» 2002/03թթ. ռեկորդը, երբ կատալոնացիները հաղթել էին 13 խաղում: