Կոտայքի մարզային գրադարանը գործում է 1997 թվականից, թեեւ կազմավորվել է Հրազդանի գրադարանների նախկին կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանի հիմքի վրա :
Ի՞նչ խնդիրներ ունի այն, ինչո՞ւ դրանք չեն լուծվում. այս եւ հարակից հարցերի պատասխանների ակնկալիքով «Ազգային գրադարանային» շաբաթի ընթացքում Հայաստանի հանրային գրադարանի աշխատակիցների հետ եղա Կոտայքի մարզային գրադարանում: Գրադարանի շենքն անմխիթար վիճակում է: Այն գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, եւ բնակիչների անբարեխղճության հետեւանքով հաճախակի ենթարկվում է «տարերային աղետների», ինչի հետեւանքով գրադարանի առաստաղը եւ հատակը գրեթե քարուքանդ են եղել: Չեն փոխվել գրադարանի սանհանգույցի հիմնական խողովակները: Գրադարանի պահոցները, եւ ինքն ամբողջությամբ չեն ջեռուցվումարդեն 23 տարի: Ձմռանը մի կերպէլեկտրական սալիկներով տաքացվում են աշխատակիցների սենյակները եւ ընթերցասրահը: Գրադարանի տնօրեն Ժաննա Գեւորգյանի հերոսական ջանքերի շնորհիվ է, որ առ այսօր գոյատեւում է այս մարզային օրինակելի եւ պարբերաբար գրքերով ու մամուլով համալրվող գրադարանը, որը նաեւ համախմբում է մարզի մյուս գրադարանների աշխատակիցներին իր տանիքի ներքո կազմակերպվող տարբեր միջոցառումների եւ քննարկումների ժամանակ: Զրույցի ընթացքում Կոտայքի մարզային գրադարանի տնօրենն ասաց, որ այս տարի վերջապես գրադարանը կվերանորոգվի պետպատվերի շրջանակներում:
- Տիկին Գեւորգյան, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում որքանո՞վ եւ ինչպե՞ս է համալրվել ձեր գրադարանի գրքային հավաքածուն:
- Ի տարբերություն մարզի տարածքում գործող քաղաքային եւ գյուղական մյուս գրադարանների` յուրաքանչյուր տարի համալրվում է մեր գրադարանի գրքային հավաքածուն, որովհետեւ մենք ստանում ենք պետական ֆինանսավորում նաեւ համալրման գծով: Հանրապետությունում լույս տեսնող գրականությունից տեղեկացված ենք եւ աշխատում ենք մեր ֆինանսական հնարավորություների շրջանակներում ձեռք բերել դրանք: Այս առումով գրադարանի վիճակը բարվոք է: Մենք նաեւ բաժանորդագրվում ենք 15-անուն թերթ եւ պարբերականներ: Ստանում ենք Հայաստանի ազգային գրադարանի կողմից հրատարակվող «Հոգեւոր հայրենիք» ամսաթերթը: Այս ամենը հիմնականում նպաստում է ընթերցողների լայն շրջանակների պահանջների բավարարմանը:
- Ովքե՞ր են օգտվում ձեր գրադարանից:
- Որպես հանրային գրադարան, մենք սպասարկում ենք հանրային բոլոր խավերին` առանց տարիքային սահմանափակման, բայց գրադարանի ընթերցողական կազմում ընդգրկված են դպրոցականները եւ ուսանողները:
- Մասնագիտական գրականության գծով համալրում եղե՞լ է, եւ այս բնագավառում օտարալեզու գրքեր ձեռք բերո՞ւմ եք:
- Մասնագիտական գրականության գծով` այո': Հայաստանի հետանկախության հասարակական- քաղաքական ֆորմացիայի փոփոխության շրջանում շատ արժեքների, գիտությունների առումով հիմնավոր տեղաշարժ կատարվեց: Այլ կերպ ասած` նախկին խորհրդային մասնագիտական շատ գրքեր այսօր այլեւս քննություն չեն բռնում մեր կյանքին: Կոնկրետ, ասենք` տնտեսագիտություն, իրավագիտություն, բժշկություն մասնագիտությունների գծով մենք ձեռքբերումներ ունենում ենք, եւ մեր համալրումները հիմնականում կազմակերպվում են այս ուղղությամբ, ինչպես նաեւ` մանկական եւ հանրագիտարանային բնույթի գրականություն: Հիմա հանրագիտարանային բնույթի գրականություն ավելի շատ է հրատարակվում, եւ մենք աշխատում ենք դրանք ձեռք բերել:
- Ընդհանրապես Հրազդան քաղաքում եւ շրջակա գյուղերում քանի՞ գրադարան կա, եւ ի՞նչ կարգով է կատարվում դրանց ֆինանսավորումը:
- Կոտայքի մարզում հանրային բնույթի քաղաքային, գյուղական, մարզային մոտ 66-67 գործող
գրադարան կա: Մեր գրադարանի ֆինանսավորումը կազմակերպվում է պետական միջոցներով` «Մասնակի աջակցություն գրադարաններին» ծրագրով: Քաղաքային եւ գյուղական գրադարանները ֆինանսավորվում են տեղական, համայնքային բյուջեի կողմից:
- Կարելի է ասել, որ ձեր գրադարանին տրամադրվող գումարը չի բավարարում ձեր կարիքները:
Գրադարանը լուրջ վերանորոգման կարիք է զգում: Գրքերը պահպանելու համար ձեզ մոտ պայմաններն անբարենպաստ են: Այս ամենին զուգահեռ, չպետք է մոռանալ, որ գրադարանի տեսքը պիտի գրավիչ լինի, որ ընթերցողները սիրով գան եւ օգտվեն դրանցից: Ինչպե՞ս պետք է լուծվեն այս խնդիրները :
- Գրադարանի ներքին պայմանները տարածքային առումով բավարար են: Համապատասխանում են առաջադրվող պահանջներին: Որպես մշակույթի տուն, որպես գրադարան այն տեղավորված է բնակելի շենքի առաջին հարկում: Դա է մեր բազում խնդիրների պատճառը, որովհետեւ բնակիչների յուրաքանչյուր անփույթ, անուշադիր գործողությունների ընթացքն անդրադառնում է գրադարանի վրա: Հաճախակի ջրեր են թափվում, անսարք վիճակներ են ստեղծվում` սանհանգույցների հետ կապված: Սա մասնավորապես մեզանից ավելի մեծ ժամանակ է խլում: Ավելի աշխատատար է այս հարցերը կարգավորելը, լուծելը, ինչ-որ միջամտություն անելը, քան բուն մեր գրադարանային աշխատանքները կատարելը: Մեր խնդիրների պատճառը հասկանալու համար դրանց հիմքերը պետք է տեսնել: Ի սկզբանե սխալ է եղել այն, որ գրադարանին տեղ են հատկացրել բնակելի շենքի առաջին հարկում: Սա անհամատեղելի է զուգակցում է:
Իմ պատկերացմամբ` գրադարանի առանձին շենքը պետք է լինի նորակառույց, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան` ունենալով բոլոր հարմարությունները: Դա մեծ գումարների հետ է կապված, եւ ես լավ եմ գիտակցում, որ այսօրվա դրությամբ մեզ համար անհասանելի է: Իսկ եթե գնեն ինչ-որ շենք, եւ այն հարմարեցնեն գրադարանին, սա ավելի թանկ կարժենա:
- Մշակույթի նախարարությունը պարտավոր չէ՞ բարելավել ձեր գրադարանի շենքային պայմանները եւ կարգավորել եղած խնդիրները:
- Պարտավորությունը մշակույթի նախարարության վրա է դրված, բայց այն ի զորու չէ, քանի որ խնդիրների լուծումը կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ, որոնք նախարարությունը չունի: Մենք աշխատում ենք միջնաժամկետ ծրագրով: Մեր նաեւ տնտեսական, աշխատանքներն այս ծրագրով ենք համակարգում, եւ միջնաժամկետ ծախսային ծրագրերում մենք տարի-տարի ներկայացնում ենք մեր վերադասին` մշակույթի նախարարությանը, տվյալ գալիք տարվա մեզ համար պահանջվող եւԲ գույք, եւԲգրականություն, եւԲ տեխնիկական միջոցներ: Նախարարությունը տեղյակ է, որ 30 տարի է, ինչ մեր գրադարանը չի վերանորոգվել: Սակայն պետք է ասեմ, որ մեր գրադարանի հիմնանորոգման հարցը պետական մակարդակով արդեն կարգավորված է:
Քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված պետական ծրագրերում այս տարի պետք է հիմնանորոգումը կատարվի: Դրանից հետո նաեւ կլուծվեն գրադարանի` նոր գույք ձեռք բերելու եւ դրանով գրադարանը կահավորելու հարցերը, ինչն ավելի բարվոք պայմաններ կստեղծի ընթերցողների համար: Այս պահի դրությամբ մենք ունենք 8 գործող համակարգիչ, որոնք տարբեր աշխատանքներ են կատարում: Օրինակ` «Արեւ» ծրագրով աշխատող համակարգչի միջոցով թույլ եւ վատ տեսնող մարդկանց համակարգչային ծառայություն ենք մատուցում: Նրանք օգտվում են այս ծրագրից: Շուրջ 10 տարի 2 համակարգիչ ենք առանձնացրել գրադարանի գրքային հավաքածուի մուտքագրման նպատակով «Վինայսիս» ծրագրով: Տարեվերջին հավանաբար կավարտենք հայատառ գրականության մուտքագրումը, իսկ եկող տարվանից կսկսվի ռուսալեզու գրականության մուտքագրումը համապատասխան ծրագրի առկայության դեպքում: Ունենք նաեւ անվճար ինտերնետ ծառայութուն, որից օգտվում են մեր ընթերցողները:
- Մշակույթի նախարարությունից բացի` ձեր գրադարանը համագործակցում է Հայաստանի ազգային գրադարանի հետ: Որքանո՞վ է դա նպաստում ձեր հիմնահարցերի լուծմանը:
- Հայաստանի ազգային գրադարանի հետ մեր կապերը սերտ են, եւ առիթից օգտվելով` շնորհակալություն եմ հայտնում եւ' Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությանը, եւ' ազգային գրադարանարանային ասոցիացիային, որովհետեւ նրանք մեզ միշտ օգնել են թե'մեթոդապես, թե' նյութապես: Ինչ վերաբերում է գրքերի նվիրատվությանը, դա նրանց կողմից կոնկրետ մեր մարզային գրադարանին տրվում է ոչ միայն «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում, այլեւ` մշտապես: Իսկ անհրաժեշտության դեպքում եթե մենք դիմում ենք, ապա նրանք մեզ միշտ օգնում են, թեեւ մեզ օգնելու առաջարկով հիմնականում նրանք են հանդես գալիս:
- Ողջունելի են Հայաստանի ազգային գրադարանի կողմից մարզային գրադարաններին աջակցելու ձեռնարկները: Ողջունելի է նաեւ այն, որ Կոտայքի մարզային գրադարանը փորձում է լուծել իր դժվարալույծ խնդիրները, եւ չնայելով դրանց առկայությանը` կազմակերպում է աճող սերնդի հայեցի դաստիարակությանը նպաստող տարբեր միջոցառումներ` ձգտելով նրանց մեջ վառ պահել սերը գիր ու գրականության նկատմամբ:
Տիկին Գեւորգյան, հարցազրույցս ավարտում եմ հետեւյալ մաղթանքով. այս տարի, ինչպես նախատեսված է պետպատվերով, թող լուծվեն ձեր գրադարանի խնդիրները, եւ թող պետական կառույցներն իրենց հայացքը հառեն մեր մարզային գրադարաններին:
Մարիամ Հովսեփյան