Կարեն Անդրեասյան. Իրավական կանխատեսելիության բացակայությունը խաթարում է արդարադատության պատշաճ իրականացման գործընթացը<br />


Կարեն Անդրեասյան. Իրավական կանխատեսելիության բացակայությունը խաթարում է արդարադատության պատշաճ իրականացման գործընթացը

  • 18-05-2011 20:46:18   | Հայաստան  |  Իրավունք
Այսօր Հայաստանի հասարակությունն ունի երկու խնդիր՝ հացի եւ արդարության։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ՀՀ Փաստաբանների պալատի կողմից մայիսի 18-ին անցկացված «Արդար դատաքննության իրավունք» ֆորումում իր խոսքում ընդգծել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ «Բոլոր փաստաբանները գիտեն, որ անարդար դատավորների դեմ պայքարի օրենքով սահմանված միայն մեկ միջոց կա` դա կարգապահական պատասխանատվության ենթարկելն է, որի համար հաղորդում կարող է տալ յուրաքանչյուրը: Եվ, իհարկե, կան դատավորներ, որոնք ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, բայց արդյո՞ք հենց այն դատավորներն են ենթարկվում կարգապահական պատասխանատվության, ովքեր արժանի էին: Սա եւս մտահոգիչ խնդիր է»,- ասել է Կարեն Անդրեասյանը: Նա նշել է նաեւ, որ հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ դատավորը անկախ է իրեն զգում օրենքից, եւ նույն դատական համակարգում կա որոշակի անպատժելիության մթնոլորտ։ Մարդու իրավունքների պաշտպանը 2011թ. հունվարի 1-ից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում տալու լիազորություն ունի: «Դատական ակտի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես շատ այլ պետական մարմիններ, շատ այլ անձինք, Պաշտպանը եւս իրավունք ունի հաղորդում տալ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Սակայն Պաշտպանը մյուսների համեմատ ունի մեկ իրավական առավելություն. եթե հաղորդում ստացած մարմինը կարող է, առերեւույթ հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, առանց քննության վերադարձնել այն, ապա Պաշտպանի հաղորդումը նա պարտավոր է քննարկել եւ ընդունված որոշման մասին հայտնել եռօրյա ժամկետում»,- ընդգծել է Պաշտպանը: Ընդ որում, Պաշտպանն իրավունք ունի պահանջել եւ ստանալ միայն ավարտված գործերի վերաբերյալ նյութերը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կարող է տալ դատական ակտի կայացումից հետո` մեկ տարվա ընթացքում: «Այդ ժամկետում դուք կարող եք դիմել մեզ ' եթե հայտնաբերվեն դատավարական ու նյութական նորմերի կոպիտ խախտումներ, եւ մենք ունենանք հիմնավոր փաստարկներ, ապա հաղորդում կներկայացնենք Արդարադատության խորհրդին կամ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող այլ անձանց: Այդպիսով, մեր համատեղ ջանքերով կկարողանանք նմանատիպ դեպքերը դուրս բերել դատական փակ համակարգից եւ, անգամ անկախ վարույթի արդյունքից, կկարողանանք դրանք դարձնել հասարակական հսկողության առարկա»,- դիմել փաստաբաններին, նշել է Պաշտպանը: Կ.Անդրեասյանը նկատել է, որ այսօր իրավական կանխատեսելիություն եւ իրավական որոշակիություն չկա, մի գործով մեկ ատյանը ընդունում է ինչ-որ որոշում, նմանատիպ այլ գործով մեկ այլ ատյանը ընդունում է բոլորովին այլ որոշում: «Դատական համակարգը հաշվի չի առնում նախադեպերը, ինչը պատճառաբանվում է դատարանի ունեցած հայեցողության լայն շրջանակով կամ կոնկրետ գործի հանգամանքներով: Իսկ իրավական կանխատեսելիության բացակայությունը խաթարում է արդարադատության պատշաճ իրականացման գործընթացը»,- նշել է Կ.Անդրեասյանը, հավելելով, որ իրավական կանխատեսելիության ապահովման պարագայում փաստաբանները կլինեն այն լծակը, այն ուժը, որը հասարակությանը կուղղորդի դեպի արդարություն` ինչպես բոլոր զարգացած երկրներում:
Նոյյան տապան  -   Իրավունք