Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկություննների Միությունը նպաստում է արդի տեխնոլոգինաների արմատավորմանը Հայաստանում
22-03-2011 23:27:46 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկություննների Միությունը (ԻՏՁՄ) (Union of InformationTechnology Enterprises ) բիզնես ասոցիացիա է, այսինքն` ընդհանուր պրոֆեսիոնալ շահեր ունեցող իրավաբանական անձանց միություն: Ինչպես հայտնեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ասոցիայիան նպատակ ունի պաշտպանել իր անդամների շահերը, նաեւ նպաստել ոլորտի զարգացմանը Հայաստանում եւ թույլ չտալ անազնիվ մրցակցություն այս ոլորտում:
Կարեն Վարդանյանը հայտնեց, որ իրենց ասոցիացիայի անդամ ընկերությունները տարբեր մեծություն եւ առանձնահատկություններ ունեն: ԻՏՁՄ անդամ են ինչպես խոշոր ընկերություններ, օրինակ` Վիվասելը, Օրանժը եւ Սինոպսիսը, այնպես էլ` բազմաթիվ ավելի փոքր ընկերություններ: Ընդ որում, բոլոր անդամների իրավունքները հավասար են եւ կապված չեն ընկերությունների շահույթների առկայության կամ մեծության հետ: ԻՏՁՄ գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ կազմակերպությունը զբաղվում է նաեւ իր անդամների միջեւ շահերի բախումներով, ինչի համար ունի հատուկ հանձնաժողով:
ԻՏՁՄ-ն ստեղծվել է 2000 թվականին` 6 անդամներով: Այժմ այն ունի 50-ից ավելի անդամ ընկերություններ:
Կարեն Վարդանյանը հայտնեց, որ հռչակված նպատակներն իրականացնելու համար ԻՏՁՄ ունի իրավաբաններ եւ այլ համապատասխան մասնագետներ: Բացի այդ, ԻՏՁՄ-ն կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ծառայել որպես պլատֆորմ մասնագետների հանդիպման եւ շփման համար: Դրանցից առավել հայտնի է 2005 թվականից անցկացվող Digitech ամենամյա ցուցահանդեսը: Վարդանյանը գոհունակությամբ նշեց, որ շնորհիվ Digitech ցուցահանդեսի, Հայաստան են են եկել ու այստեղ աշխատում են մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում, ամերիկյան National Instruments եւ ճապոնական Mitsubishi Electronics ֆիրմաները: Ցուցահանդեսի եւ այցելուների թիվը գնալով աճում է, այն դարձել է ճանաչված ռեգիոնալ իրադարձություն: Վերջին տարիներին, չնայած տնտեսական ճգնաժամին, նրա մասնակիցների թիվը եւս աճում է: 2010 թվականին նա ունեցել է 68 մասնակից, այս տարի ԻՏՁՄ-ն նախատեսում է այդ թիվը հասցնել 100-ի եւ ունենալ 18 հազարի կարգի այցելուներ: Պն. Վարդանյանի խոսքով, ընկերակցությունը պարզել է` Digitech ցուցահանդես այցելում են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, այն դարձել է պլատֆորմ գործնական կապեր ստեղծելու համար: Այդ պատճառով ԻՏՁՄ-ը սկսել է նախապատրաստել Digitech առանձին տարբերակներ մասնագիտացված այս կամ այն ոլորտի, օրինակ, բանկիրների կամ բժշկական տեխնիկա արտադրողների համար:
Ընկերակցությունը կազմակերպում է եւ այլ միջոցառումներ, օրինակ, մրցույթներ ուսանողների համար: ԻՏՁՄ իր անդամների համար կազմակերպում է հատուկ միջոցառումներ, օրինակ, հանդիպումներ կառավարության անդամների հետ: Ըստ Կարեն Վարդանյանի, կառավարությունն ուշադրություն է հատկացնում ընկերակցության պահանջներին ու արդեն լուծել է նրա բարձրացրած մի շարք հարցեր: Կարեն Վարդանյանը հույս հայտնեց, որ իր ընկերակցության գործունեության արդյունքում Հայաստանում ավելի շատ ընկերություններ կներդրեն ժամանակակից տեխնոլոգիաներ: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում ԻՏՁՄ-ի նման ակտիվ ընկերակցությունների պակաս կա, մինչդեռ այլ երկրներում դրանք կարեւոր դեր ունեն հասարակության կյանքում: