Շուշիի գրադարանն այսուհետ կգործի որպես կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար


Շուշիի գրադարանն այսուհետ կգործի որպես կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար

  • 22-02-2011 15:01:08   | Հայաստան  |  Մշակույթ
Երեւան, փետրվարի 22, 2011թ.: 2011թ.-ը Շուշիի գրադարանը մեկնարկեց բարենորոգ ու կահավորված: Շուրջ 83 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ: Շուշիի գրադարանն այսուհետ կգործի ոչ միայն որպես գրքի ու ընթերցանության կենտրոն, այլեւ կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար: Այն կսպասարկի Շուշիի, Ստեփանակերտի եւ հարակից գյուղերի բնակիչներին` առավել հետաքրքրական ու բովանդակալից դարձնելով նրանց առօրյան: Գրադարանը երկհարկանի եւ մեկ հարկանի մասնաշենքերից կազմված կառույց է` 624քառ.մ ընդհանուր մակերեսով: Կառույցը մասնակիորեն ուժեղացվել է, ամբողջությամբ վերահատակագծվել եւ վերակառուցվել: Փոխվել է տանիքը, սալիկապատվել են հատակները, աշխատասենյակները ծածկվել են մանրատախտակով: Նորացվել է շենքի էլեկտրական համակարգը, անցկացվել է ընդհանուր ջեռուցում: Մեկ հարկանի մասում գրադարանի վարչական մասն է` կազմված չորս աշխատանքային սենյակներից, նախասրահից եւ սանհանգույցից: Երկհարկանի հատվածում ընթերացասրահն է, գրապահոցն ու գրքերի պահեստը: Շենքն ունի նաեւ նկուղային հարկ, որը եւս օգտագործվում է գրադարանի կարիքների համար: Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանի խոսքով` իրենք տարիներ շարունակ երազել են Շուշին տեսնել վերակառուցված ու հայեցի: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, դրա վկայությունն են Շուշիում վերանորոգված ճանապարհահատվածները, տասից ավելի բարձրահարկ շենքերի վերակառուցված տանիքները, բարեկարգման ընթացիկ աշխատանքները մշակույթի տանը, Աբովյանի անվան դպրոցում, ինչպես նաեւ խմելու ջրի ներքին ցանցի անցկացմանն ուղղված աշխատանքները: Պարոն Խաչատրյանի խոսքով` խորհրդային շրջանում կապը գրադարանի հետ շատ ամուր էր: Այն օրական առնվազն 50-60 այցելու ուներ: Այստեղ հաճախակի կազմակերպվում էին հանդիպումներ, գրական քննարկումներ մտավորականության անվանի ներկայացուցիչների հետ: 1992թ-ին, երբ Շուշիի բնակիչները վերադարձան իրենց ծննդավայր, քաղաքն այնպես էր ավերվել, որ խոսք լինել անգամ չէր կարող գրադարանի գործունեության նախկին բնականոն ընթացքի մասին: Գրադարանի ֆոնդը` ավելի քան 16 500 կտոր գիրք, որ ժամանակավորապես պահ էր տրվել Մուրացանի անվան դպրոցում, օրերս կտեղափոխվի գրադարան: Եղած գրքերը կհամալրվեն նորերով: Տնօրինությունն այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն ձեռնարկել է. շուտով մոսկվաբնակ հայ ազգագրագրետ Կարեն Յուզբաշյանի 265 կտոր գրքից բաղկացած գիտական ազգագրական հավաքածուն եւս կհանգրվանի Շուշիի գրադարանում: Գրադարանն ունի 7 աշխատակից: Վերանորոգումից հետո հնարավոր է աշխատակազմի համալրում: Այստեղ վաղուց արդեն հմուտ մատենագետի կարիք է զգացվում: Իսկ գրադարանի թվայնացումը տնօրինության առաջնահերթ ծրագրերի շարքում է: Գրադարանի տնօրեն Ժասմենա Գաբրիելյանի խոսքով` նոր տեխնոլոգիական լուծումները կնդլայնեն գրադարանի հնարավորությունները, ինչպես ֆոնդի պահպանման, այնպես էլ ուսումնասիրության եւ հասանելիության ապահովման հարցերում: «Մենք մեկը մյուսի ետեւից իրականություն ենք դարձնում 2009թ-ին ստանձնած մեր ծրագրերը: Եվ յուրաքանչյուր ծրագրի ավարտին հպարտանում ենք, որ հույս եւ ուրախություն ենք բերում Շուշի` բարեկարգելով եւ գեղեցկացնելով մեր նախնիների այս հիասքանչ քաղաք-ամրոցը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Նոյյան տապան  -   Մշակույթ