Վարդան Օսկանյան. «Հայաստանում գործում է միակուսակցական համակարգ»


Վարդան Օսկանյան. «Հայաստանում գործում է միակուսակցական համակարգ»

  • 18-02-2011 10:05:03   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 Ներկայացնում ենք ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայաստանի առջեւ կանգնած ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին, ամփոփում իր հիմնած Սիվիլիթաս հիմնադրամի անցած 2,5 տարվա աշխատանքը: ՀԱՐՑ - Սիվիլիթաս հիմնադրամը վերջերս հրապարակեց Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին առնչվող արդեն երրորդ զեկույցը: Այս առիթով կարելի է հետադարձ հայացք նետել Սիվիլիթասի աշխատանքին: Ինչպե՞ս եք այն գնահատում: Վ.ՕՍԿԱՆՅԱՆ - Գրեթե 3 տարվա ընթացքում Սիվիլիթասի իրականացրած բազմաթիվ ծրագրերի գնահատականը առաջին հերթին պետք է ակնկալել հասարակությունից: Մեզ պարբերաբար հասնող արձագանքները առիթ են տալիս վստահ լինելու, որ այս կարճ ժամանակահատվածում արդյունքները տեսանելի եւ շոշափելի են: Մեր բոլոր ծրագրերը միտված են եղել քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Մեր հանրային քննարկումները, հասարակական կազմակերպություններին, գրադարաններին, կրթաթոշակային ծրագրերին, քաղաքացիական հասարակության համախմբման ներուժ ունեցող այլ ուղղություններին ու հաստատություններին առնչվող բազմաթիվ ծրագրերը կարողացել են ի վերջո հանգեցնել մեզ համար կարեւոր արդյունքի: Դրանք նպաստել են այս ոլորտներում ամենատարբեր հատվածների ավելի ակտիվ ներգրավմանը: Որեւէ խնդրի շուրջ համախմբվելու, կարծիք հայտնելու, մասնակցելու մեջ արժեք ու կարեւորություն են սկսել տեսնել ամենատարբեր, այդ թվում եւ քաղաքականապես պասիվ շերտերում: Մեր ծրագրերի մյուս` գյուղական բնակավայրերի զարգացման ուղղությունը ըստ էության նույն նպատակն է հետապնդում: Մարզերում մենք տնտեսական զարգացման փոքր, բայց նպատակային ծրագրեր ենք իրականացնում, միկրոֆինանսավորման մոդելով, տրամադրելով ընտանիքներին անհրաժեշտ միջոցներ ինքնաբավ դառնալու համար, որը նաեւ հնարավորություն կստեղծի ընդլայնել ամբողջ գյուղի հնարավորությունները եւ ի վերջո կնպաստի նրան, որ գյուղացին իրեն առնվազն սեփական կյանքի տերը կզգա: ՀԱՐՑ - Կարելի՞ է ասել, որ մենք հանդիպել ենք խոչընդոտների: Վ.ՕՍԿԱՆՅԱՆ - Կարելի է ասել, որ դա կարեւոր չէ: Մենք հաղթահարել ենք մեզ հանդիպած խոչընդոտները եւ առաջ ենք շարժվել: Իհարկե միշտ նոր ռեսուրսների կարիք կա, բայց կարծում եմ, ամենամեծ խոչընդոտը գաղափարական է: Իշխանությունը դրսեւորում է այլակարծության հանդեպ հանդուրժողականության պակաս եւ դա սնուցում է հասարակության մեջ անհանդուրժողականությունը: «Կամ մեզ հետ, կամ մեր դեմ» մոտեցումը իշխանության ներկայացուցիչների զգալի մասի մոտ անառողջ մոտեցում է: Տեղեկացված, մտածված բանավեճի փոխարեն նման սահմանափակումները ստիպում են, որ ցանկացած մեկնաբանություն կ ամ քննադատություն իջեցվեն ամենացածր մակարդակի: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ մեր հանրային քննարկումները կարեւոր են: Թե դահլիճում, թե նաեւ առցանց հեռարձակման միջոցով, մենք ուզում ենք ցույց տալ, որ տեսակետ հայտնելը ոչ միայն ողջունելի է, այլեւ մեր պարտականությունն է, որպես քաղաքացի: Թերեւս մենք հաջողության ենք հասել այդ առումով: Վերջին քննարկումներից մեկին մեկի ընթացքում բեմի վրա մասնակցեցին 4 տարբեր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: Դրանից առաջ, շատ թեժ քննարկում ունեինք բանակի խնդիրներին նվիրված, որին մասնակցում էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եւ նախարարությանը խիստ քննադատության ենթարկած իրավապաշտպաններ: Մի խոսքով, մենք հաջողություններ ենք արձանագրում եւ շարժվում ենք առաջ: Այս տարի մենք հատկապես մեծ արդյունքներ ենք ակնկալում: Եթե նախորդ 3 տարիները մեզ համար աճելու եւ կայանալու տարիներ էին, այսօր մենք կարող ենք ընդլայնել մեր ծրագրերը եւ էլ ավելի տեսանելի գործ անել: Մենք հրաշալի բարեկամներ ունենք` Հայաստանում եւ սփյուռքում, ինչպես նաեւ միջազգային հանրությունում: Կան նաեւ անհատներ, որոնք ուզում են մաս կազմել այն գործընթացին, որը կօգնի որ երկիրն առաջ շարժվի: ՀԱՐՑ - Կարո՞ ղ եք ներկայացնել մի փոքր տարեկան զեկույցի կազմման գործընթացը: Ովքեր են մասնակցում դրան: Ինչ է ուզում Սիվիլիթասը ասել այդ զեկույցով: Վ.ՕՍԿԱՆՅԱՆ - Զեկույցը գործիք է, որ հնարավորություն է տալիս մեզ անելու այն, ինչ մենք Հայաստանում ընդհանրապես չենք անում: Այն է` օբյեկտիվորեն գնահատել ինքներս մեզ, մեր գործողությունները, մեր նպատակները, մեր հաջողությունները, մեր ձախողումները, որպեսզի վերախմբավորենք, անհրաժեշտության դեպքում վերաձեւակերպենք մեր ուղղությունները եւ առաջ շարժվենք: Սկզբում թվում էր, թե Հայաստանը նոր պետություն է եւ այդ պատճառով մենք չգիտեինք, թե ինչպես եւ կամ ժամանակ չունեինք վերլուծելու մեր նպատակները եւ գործողությունները: Հիմա, ես կարծում եմ, Հայաստանը չի ցանկանում տալ այդ գնահատականները: Մենք լսում ենք ուրիշների քննադատությունը, որ բխում է նրանց օրակարգերից կամ չափանիշներից եւ առաջ ենք շարժվում անկախ այդ քննադատությունից: Սիվիլիթասի տարեկան զեկույցը եւ զեկույցի կազմման ողջ գործընթացը տարբեր տեսակետների եւ փաստարկների համադրում է: Տեսակետները գալիս են թե Սիվիլիթասից, թե նաեւ Սիվիլիթասից դուրս աշխատող փորձագետներից: Համադրումը նույնպես երկար քննարկումների եւ բանավեճերի արդյունք է եւ դա է կարծում եմ զեկույցի արժեքը: ՀԱՐՑ - Ինչպե՞ ս եք դուք գնահատում եւ ինչպես է ընդհանրապես հնարավոր գնահատել: Վ.ՕՍԿԱՆՅԱՆ - Գնահատման մեկ հստակ չափանիշ կա` արդյունքները: Սիվիլիթասը դատում է արդյունքներով: Ես չգիտեմ օբյեկտիվ գնահատման այլ չափանիշ: Դատելով արդյունքներից` իրավիճակը վատն է: Տնտեսության, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ոլորտներում իրավիճակը անորոշ է եւ բարդ: Առավել տեսանելի են տնտեսության խնդիրները, որովհետեւ դրանց մենք առնչվում ենք ամեն օր, անկախ մեր նյութական վիճակից: Վիճակագրությունը նույնպես հաստատում է այդ զգացումը: Աղքատությունն ավելանում է, գործազրկությունը նույնպես, արտաքին պարտքը եռապատկվել է, եռապատկվել է բյուջեի դեֆիցիտը: Նվազել է բնակչության կենսամակարդակը: 2009-ի ՀՆԱ-ի 15 տոկոսի անկումը մեծ հարված էր տնտեսությանը, մենք կարծես դեռ չգիտենք ինչպես հաղթահարենք այն: Լավագույն դեպքում, եթե 2010թ. 2,4 տոկոսի աճը կրկնապատկվի եւ այն կրկնապատկվի նաեւ հաջորդ տարի 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին իրական ՀՆԱ-ն ավելի ցածր կլինի քան 2008 թվականին էր: Սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, եթե նույնիսկ կա իրավիճակը շտկելու ծրագիր: Բայց նման ծրագիր չկա: Նույնը նաեւ ներքաղաքական ոլորտում է: Ազատությունները էլ ավելի են սահմանափակվում: Խաթարված է ազատ հավաքների իրավունքը: Մենք ամեն օր ականատես ենք լինում դրան այստեղ` Սիվիլիթասի գրասենյակում: Օպերայի շրջակայքում արտոնում են աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապես որպեսզի այնտեղ հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն չլինի: Հեռուստատեսությունը վերահսկվում է: Մարդիկ շարունակում են անազատության մեջ մնալ քաղաքական պատճառներով: Ակնհայտ է Ղարաբաղի շուրջ անորոշությունը, չկա այն բանակցված փաստաթուղթը, որի շուրջ կողմերը համաձայն են շարունակել բանակցությունները: Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ մեծ ջանքերով, տարիների բանակցային գործընթացի արդյունքում հաջողվեց ամրագրել բանակցվող փաստաթղթում, այսօր մենք կարող ենք կորցնել: 20 տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները նույնպես նման փակուղում եւ նման լարված իրավիճակում չեն եղել, ինչպես այսօր են` հայ-թուրքական չհաշվարկված գործընթացից հետո: Այս ամենը վրդովեցուցիչ է թե Հայաստանի բնակչության, թե միջազգային հանրության համար: Ավելին, այս անորոշությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Իշխանությունները, իրենց հերթին, թույլ չերեւալու նպատակով խոսում եւ գործում են այնպես, կարծես ամեն ինչ կարգին է, ինչն իր հերթին ավելացնում է հասարակության հուսալքությունը եւ աշխատում է թե՛ ժողովրդի, թե՛ պետության դեմ: ՀԱՐՑ - Սա լսողը ակնհայտ հարց է տալու, ի՞ նչ անել, որտեղի՞ ց սկսել: Վ.ՕՍԿԱՆՅԱՆ - Խնդիրների լուծման համար պետք է գտնել դրանց պատճառները, որոնք բազմազան են: Անկախության 20 տարիների ընթացքում խնդիրները նույնն են մնացել: Դրանք ակնհայտ են, դրանք լուծելի են, եւ միայն դրանց լուծումը կարող է երկրին բարեկեցություն բերել: Դրանք չեն լուծվում բացառապես քաղաքական կամքի, եւ անձնական շահերը երկրի շահին գերադասելու մտայնության պատճառով: Առաջնային խնդիրը այսօր քաղաքական մենաշնորհն է: Տնտեսական մենաշնորհները, կոռուպցիան ընդամենը քաղաքական մենաշնորհի հետեւանք են: Միեւնույն ժամանակ, դրանք նաեւ նպաստում են քաղաքական մենաշնորհի պահպանմանը: Ի վերջո, չնայած խորհրդարանում 5 կուսակցություն կա, Հայաստանում իրականում գործում է միակուսակցական համակարգ, որ հաշվետու է միայն ինքն իր իշխանական խմբին: Միայն այս կենտրոնացած համակարգը, քաղաքական մենաշնորհը վերացնելուց հետո կլուծվեն մյուս խնդիրները: Միայն ազատ քաղաքական մրցակցության պայմաններում է հնարավոր ազատ տնտեսական մրցակցությունը: Իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի ներսում պետք է տարբեր` հավասարապես ազդեցիկ ուժերի իրական մրցակցություն ձեւավորվի: Որպեսզի համակարգը հաշվետու լինի ոչ թե մեկ կենտրոնի եւ այդ կենտրոնը որոշի խաղի կանոնները այլ ի վերջո` հասարակությանը: Որպեսզի հասարակությունն էլ շարունակի սատարել բազմաբեւեռ մրցակցային քաղաքական համակարգին: Միայն այդ պարագայում մի բեւեռը իրականում որոշակիորեն կվերահսկի մյուս բեւեռը եւ միայն այդ պարագայում հնարավոր կլինի պայքարել կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների եւ այլ խնդիրների դեմ: Դա իր հերթին նշանակում է ավելի ամուր պետություն, մեր սահմանափակ ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականով մեզ նման երկրներում հարկերը պետք է կազմեն ՀՆԱ-ի 22 տոկոսը: Հայաստանում այդ թիվը ընդամենը 17 տոկոս է: Ընդամենը 5 տոկոսի տարբերությունը ամեն տարի Հայաստանի բյուջեն զրկում է ավելի քան 190 միլիարդ դրամից: Հայաստանի ողջ ռազմական բյուջեն ավելի քիչ է: Հենց այդքան գումար ենք մենք տրամադրում սոցիալական ոլորտին: Ընդամենը այս 5 տոկոսը հնարավորություն կտար, օրինակ, բազմապատկելու այս թիվը: Խնդիրները կլուծվեն, եթե մենք դադարենք ժողովրդավարություն «խաղալ» եւ իրականում որդեգրենք ժողովրդավարական արժեքները: Ժողովրդավարություն «խաղալը» իրականում ավելի վատ է, քանի որ դա սին հույսեր է ներշնչում եւ ի վերջո հուսախաբ է անում հասարակությանը: Պետք է հասարակությանը մատուցել իրական ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները` եւ խոսքը միայն ընտրությունների մասին չէ: Խոսքը ազատությունների, հանդուրժողականության եւ, ամենակարեւորը` օրենքի գերակայության մասին է: Մինչ այժմ մենք շարժվել ենք հակառակ ուղղությամբ` իշխանության կենտրոնացման, անհատների եւ ոչ թե օրենքի իշխանության ճանապարհով: Անկախության 20-րդ տարում մենք բոլորս պարտավոր ենք խորը վերլուծել ստեղծված իրավիճակը, օբյեկտիվորեն գնահատել, թե ինչ սխալներ ենք արել, ինչն է պետք շտկել, սովորել ուրիշների սխալներից եւ հաջողություններից, մեծ ու փոքր, նոր եւ կայացած պետություններից: Սիվիլիթաս Հիմնադրամ
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ