Կառուցվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղի<br /> մանկապարտեզը<br />


Կառուցվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղի
մանկապարտեզը

  • 14-02-2011 17:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության հովանավորությամբ ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում կառուցվում է մանկապարտեզ: Ծրագիրն իրականացվում է «Լուդենդո Գրուփ» ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի եւ «Բերենիկ եւ Եվրելիա» ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ Հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, որը կյանքի վերջին տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել Հիմնադրամի արցախյան ծրագրերում: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին հիմնադրամի մամլո ծառայությունից, ծրագիրը մեկնարկել է 2010-ի ամռանը: Կանգնեցվել են մանկապարտեզի շենքի արտաքին ու ներքին պատերը, կառուցվում է տանիքը, կաթսայատունը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: Շենքի առաջին եւ երկրորդ հարկերում նախատեսվում են հանդերձարաններ, խաղասենյակներ, ննջարաններ: Մանկապարտեզը կունենա հարմարավետ խոհանոց, լվացքատուն, բուժկետ, սանհանգույցներ: Կգործեն ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգերը: Ծրագրի ավարտին մանկապարտեզը կունենա ցանկապատված եւ բարեկարգ բակ, բացօթյա խաղահրապարակներ: Աշնանն արդեն այն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 80 երեխայի: Ղուզե Ճարտարը ԼՂՀ Մարտունու շրջանի 40 գյուղերից մեկն է եւ գտնվում է ադրբեջանական սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Այն այսօր ունի շուրջ 1800 բնակիչ: Գյուղը մեծապես տուժել է արցախյան պատերազմի ընթացքում, եւ ենթակառուցվածքների բարեկարգումն այստեղ առաջնահերթ խնդիրների շարքում է: Գյուղը մանկապարտեզի շենքի կարիք ուներ դեռեւս 1988 թվականից, երբ այն առանձնացավ հարեւան Ճարտար գյուղից եւ սկսեց գործել որպես առանձին վարչական միավոր: Այսօր ընդամենը 40 երեխա է հաճախում մանկապարտեզ, որը գործում է դեռեւս 1930-ականներին կառուցված դպրոցի նախկին շենքում եւ զբաղեցնում երկու դասասենյակ: «Շենքի վատթար պայմանների, ներսում սանհանգույցի բացակայության պատճառով գյուղի շատ ընտանիքներ այսօր նախընտրում են իրենց երեխաներին մանկապարտեզ չուղարկել»,- ասաց մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն