Վիկտոր Համբարձումյանի առաջին մրցանակակիրն ստանում է նոր խոշոր մրցանակ


Վիկտոր Համբարձումյանի առաջին մրցանակակիրն ստանում է նոր խոշոր մրցանակ

  • 27-01-2012 23:51:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վիկտոր Համբարձումյանի առաջին մրցանակակիր շվեյցարացի հանրահայտ աստղաֆիզիկոս Միշել Մայորը եւ նրա գործընկեր Դիդյե Քելոսն արժանացել են հիմնարար գիտությունների անվանակարգում իսպանական BBVA հիմնադրամի «Գիտելիքի սահմանագծի» մրցանակին (BBVA Foundation Frontiers of Knowledge Awardin Basic Sciences), որը կազմում է 500 հազար եվրո: Ինչպես հայտնի է, նրանք են 1995թ. հայտնաբերել առաջին արտարեգակնային մոլորակը (Պեգասի 51 աստղի շուրջ), եւ այժմ մրցանակը տրվել է Արեգակնային համակարգից դուրս մոլորակների առաջին դիտումները հնարավոր դարձրած նոր աստղագիտական սարքավորումների եւ փորձարարական տեխնիկայի մշակման համար: Այդ հայտնագործությունը հեղաշրջում էր աստղագիտության մեջ: Այն ժամանակ քիչ թվով աստղագետներ էին հավատում արտարեգակնային մոլորակների հայտնաբերման հնարավորությանը, բայց Մայորն ու Քելոսը մշակեցին եւ զարգացրեցին Դոպլերի էֆեկտի վրա հիմնված տեսագծային արագությունների եղանակը, որի շնորհիվ գրանցվում են մոլորակի ազդեցության տակ աստղի չնչին շարժումները: Այսօր արդեն հայտնաբերվել է մոտ 600 արտարեգակնային մոլորակ, եւ արդեն իրականացվել են նրանցից ոմանց մթնոլորտների ուղղակի չափումներ: Հիշեցնենք, որ BBVA հիմնադրամի մրցանակների հիմնարար գիտությունների բնագավառն ընդգրկում է ֆիզիկան, քիմիան եւ մաթեմատիկան, իսկ ընդհանրապես այդ հիմնադրամն ունի «Գիտելիքի սահմանագծի» 8 մրցանակ՝ հիմնարար գիտություններ, կենսաբժշկություն, բնապահպանություն եւ պահպանության կենսաբանություն, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, ֆինանսներ եւ կառավարում, ժամանակակից երաժշտություն, կլիմայի փոփոխություն եւ զարգացման համագործակցություն: Նախկինում Միշել Մայորն արժանացել է նաեւ Ալբերտ Այնշտայնի մեդալի (2004), Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի ասպետի տիտղոսի (2004), աստղագիտության ոլորտում Շոուի մրցանակի (2005) եւ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի (2010): Հայկական աստղագիտական ընկերություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play