Ծնողազուրկ երեխաները սովի են մատնված


Ծնողազուրկ երեխաները սովի են մատնված

  • 28-01-2012 18:26:54   | Հայաստան  |  Հասարակություն



Այսօր «Շիրակ կենտրոնն» այցելել է Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի, գեղատեսիլ եւ ծառապատ տարածքում ապրող ծնողազուրկ երեխաներ խնամող երկու ընտանիքների: Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնն» ՀԿ-ի րտրամադրած նյութն ամբողջությամբ. «Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի, գեղատեսիլ եւ ծառապատ տարածքը նախկինում հայտնի հանգստյան գոտի էր: Երկրաշարժից հետո այն վերածվեց տնակային ավանի: Ներկայումս քաղաքից կտրված այդ տարածքում, ուր ձմռան ամիսներին նույնիսկ մեքենաներ չեն երթեւեկում, բնակվում են սոցիալական ծայրահեղ պայմաններում եւ հիմնականում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւան ընտանիքներ: Վարդ-Բաղ կոչվող տարածքի մեծ մասը ներկայումս բաժանված է գյումրեցի մի քանի մեծահարուստների միջեւ: Այսօր «Շիրակ կենտրոնն» այցելեց այդ տարածքում ապրող ծնողազուրկ երեխաներ խնամող երկու ընտանիքների: 25-ամյա Աննա Սիմոնյանն իր 7 եւ 3 տարեկան մանկահասակ երեխաների հետ երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: Նրա պատմելով իր ազգականները մի քանի ամիս առաջ, կեղծ գործարք կատարելով, տիրացել են հայրական տանը եւ իրենց ստիպողաբար դուրս են արել տանից: Այս ընտանիքը որեւէ տեղ փաստացի հաշվառում չունենալու պատճառով զրկված է սոցիալական նպաստից եւ եկամտի այլ աղբյուր չունենալով մատնված է սովի եւ աղքատության: Աննայի 7-ամյա դուստրը` Լաուրան թեեւ բավականին կենսուրախ եւ խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով հաճախում է Գյումրու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված օժանդակ գիշերօթիկ դպրոց: 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանն ունի երեք մանկահասակ երեխաներ, որոնցից մեծը` 12-ամյա Նաիրան, ով փոքր հասակում սրտի վիրահատություն է տարել, սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն մեր այցելության ժամանակ տանն էր, մի շաբաթ է, ինչ դպրոց չէր հաճախում: 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է: Այս ընտանիքը կրկին որեւէ հասցեում գրանցում չունենալու պատճառով երկար ժամանակ է զրկված է սոցիալական նպաստից: Այս սոցիալապես ծանր պայմաններում գտնվող եւ ծնողազուրկ երեխաներ խնամող մայրերին այսօր փոխանցեցինք Մոսկվայում բնակվող մեր հայրենակցի կողմից վառելափայտի եւ սնունդի համար ուղարկված գումարը, ինչպես նաեւ մանկական հագուստ եւ գրենական պիտույքներ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն