ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը հայաստանյան չորս հեռուստաընկերություններին


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը հայաստանյան չորս հեռուստաընկերություններին

  • 30-01-2012 11:01:30   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հունվարի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել “Հանրային”, “Արմենիա”, “Արմնյուզ” եւ ”Կենտրոն” հեռուստաընկերություններին: Ստորեւ նարկայացնում ենք այն. Արթուր Գրիգորյան. Քննարկենք այսօրվա հրատապ թեմաները. Սոչիի եռակողմը եւ Սենատի բանաձեւը: Նախ Սոչիի մասին. պարոն Նալբանդյան կարող եք մեզ համար պարզաբանել ի՞նչ հանգրվան տեղափոխվեց եռակողմ այս հանդիպումից հետո կարգավորման պրոցեսը՝ հաշվի առնելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, թե կողմերը, կարծեմ այսպես ձեւակերպեց, որոշակիորեն հեռացան իրենց մաքսիմալիստական դիրքորոշումներից: Ի՞նչ է դա նշանակում: Էդվարդ Նալբանդյան. Նախ եւ առաջ հանդիպումը կարեւոր, ես կասեի արդյունավետ հանդիպում էր, եւ դա արտահայտվեց նաեւ այն եռակողմ հայտարարության մեջ, որն արվեց նախագահների մակարդակով: Առաջինը, հայտարարության մեջ նախագահները նշեցին, որ վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ: Ի՞նչ էր հնչում եւ ի՞նչ է հնչում Բաքվից, որ բավարար աշխատանք չի կատարվում, քննադատություն եռանախագահների հասցեին, Պետրոս Ղազարյան. Ֆորմատ փոխել… Էդվարդ Նալբանդյան. Այո, ֆորմատ փոխել եւ այլն: Եվ որոշ վերլուծաբաններ, քաղաքագետներ, մակերեսային տեղեկություններ ունենալով այս գործընթացից, Բաքվի պրոպագանդայի ազդեցության տակ, կոչ էին անում, որ պետք է ակտիվացնել եռանախագահների աշխատանքը, կոչ էին անում ավելի արդյունավետ դարձնել այն: Իսկ ի՞նչ նշվեց Սոչիում նախագահների հայտարարության մեջ: Բացի նրանից, որ մեծ ծավալի աշխատանք է տարվել, իսկ դա այդպես էլ կա, մոտ մեկուկես տասնյակ հանդիպում է կայացել միայն նախագահների մակարդակով, որոնցից տասը նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ, տասնյակ հանդիպումներ արտաքին գործերի նախարարների մակարդակով. ես նկատի ունեմ վերջին երեք-չորս տարվա ընթացքում, եռանախագահների բազմաթիվ, տասնյակ այցելություններ տարածաշրջան` Երեւան, Ստեփանակերտ, Բաքու: Դրա մասին էր, որ նախագահները նշեցին հայտարարության մեջ: Որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ: Չնայած Բաքվից հնչում էր, որ ընդհանրապես ոչ մի բան էլ չի ստացվում եռանախագահների մոտ եւ այլն, նշվեց, եւ կարեւոր է դա հիշատակել, որ եռանախագահները արդյունավետ աշխատանք են տարել: Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահները, բարձր գնահատելով այդ աշխատանքը, հույս հայտնեցին, որ եռանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, նույն ձեւաչափով, նույն կարգավիճակով կշարունակեն իրենց ջանքերը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Եվս մի կարեւոր դրույթի վրա կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը. Բաքվում վերջին շրջանում շատ ավելի ակտիվ ձեւով հնչում է, որ պետք չէ ժամանակ կորցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ բանակցություններ անցկացնելու վրա: Եռակողմ հայտարարության մեջ նշվեց, որ նախագահները կարեւորում են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը եւ կողմերը՝ եռանախագահների հետ համատեղ, պետք է ակտիվացնեն աշխատանքն այս ուղղությամբ: Սա շատ կարեւոր դրույթ է հայտարարության մեջ, քանի որ շեշտվում է, եւ դա ընդունում է Ադրբեջանը, որ այո, պետք է շարունակել բանակցությունները հենց հիմնարար սկզբունքների շուրջ եւ արագացնել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը՝ հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել բուն համաձայնագրի նախագծի մշակմանը: Արտակ Հերիքյան. Իսկ ի՞նչ վստահության ամրապնդման միջոցների մասին է խոսք գնում: Էդվարդ Նալբանդյան. Ես կանդրադառնամ ձեր հարցին, իսկ մինչ այդ, ես կցանկանայի նշել հայտարարության մեջ հիշատակված եւս մեկ դրույթ այն պայմանավորվածության մասին, որի դեմ բավականին ջանքեր գործադրեցին ադրբեջանցիները՝ այն համաձայնության դեմ, որը ձեռք էր բերվել անցյալ տարի մարտ ամսին՝ մարտի 5-ին Սոչիում, երբ նախագահներն իրենց 2011թ. մարտի հայտարարության մեջ հիշատակեցին նաեւ, որ կարեւոր է շփման գծում միջադեպերի հետաքննություն անցկացնել: Եռանախագահներն անմիջապես համապատասխան փաստաթուղթ, նախագիծ ներկայացրեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Ադրբեջանական կողմից բազմաթիվ անգամ հնչեց, որ ընդհանրապես այդպիսի պայմանավորվածություն չի եղել, եւ եռանախագահները որեւէ նախագիծ իբրեւ թե չեն ներկայացրել: Անգամ մեկ ամիս առաջ, դեկտեմբերին, երբ Վիեննայում քննարկվում էր ԵԱՀԿ բյուջեն, եռանախագահներն առաջարկով հանդես եկան՝ լրացուցիչ հատկացում նախատեսել այս մեխանիզմի ստեղծման համար: Ադրբեջանցիները, դեմ լինելով այսպիսի հատկացմանը, անգամ սպառնացին, որ ընդհանրապես վետո կօգտագործեն ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի նկատմամբ եւ այդպիսով թույլ չտվեցին, որ հատկացում կատարվի: Եվ սա շատ կարեւոր է, որ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները հանձնարարեցին շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, այսինքն միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Արտակ Հերիքյան. Արդյո՞ք պայմանավորվածություն կա, որ վստահության ամրապնդման միջոցներն առաջնային են: Էդվարդ Նալբանդյան. Փոխվստահության մթնոլորտի բարելավումը կարեւոր է բանակցությունների ընթացքի համար, թե հիմնարար սկզբունքների համաձայնեցման փուլում, թե հետո: Եթե Ադրբեջանը չխոչընդոտի այս գործընթացին եւ դեմ դուրս չգա ընդհանրապես վստահության ամրապնդմանը, որին մենք նախկինում ականատես ենք եղել, որ որոշ միջոցառումներ, որոնք ձեռնարկված էին հենց փոխվստահության, վստահության մթնոլորտի ամրապնդման համար, ադրբեջանցիները օգտագործեցին հակառակ ուղղությամբ՝ վստահության խարխլման համար եւ իրենց քարոզչական նպատակների համար: Եթե անգամ մենք գանք համաձայնության հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ բնականաբար համապատասխան դրական մթնոլորտի ստեղծումը կնպաստի դրան, անգամ դրանից հետո դեռ մեծ աշխատանք է սպասվում բուն պայմանագրի տեքստի մշակման ուղղությամբ տարվելիք աշխատանքի եւ իհարկե համապատասխան դրական մթնոլորտը, ոչ թե խանգարիչ, սադրիչ մթնոլորտը, որը ստեղծվում է ադրբեջանական կողմից եւ խանգարում այս գործընթացին, իհարկե կարեւոր կլինի: Պետրոս Ղազարյան. Պարոն Նալբանդյան, այ դա ենթադրո՞ւմ է ինչ-որ փոխադարձ շփումներ, որպեսզի կազմակերպվեն այդ մտավորականների հանդիպումները, այսինքն գործնական մթնոլորտ, փոխադարձ շփումներ, կա՞ այդպիսի համաձայնություն նախնական, որ դա կիրառական լինի: Էդվարդ Նալբանդյան. Փորձեր եղել են, այդ փորձերը ցավոք չեն տվել արդյունք, ես բացատրեցի ինչու: Եթե օրինակ ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ ծագումով որեւէ օտար քաղաքացի, ոչ թե Հայաստանից, լինի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, քանի դեպքեր են եղել, երբ թույլ չեն տվել հայ ծագումով սպորտսմենների, բիզնեսմենների կամ ուղղակի հայ ծագումով պարզ մարդկանց անգամ ինքնաթիռ նստել եւ գալ Ադրբեջան: Այսպիսի օրինակներ շատ կարելի է բերել, եւ այն քարոզչությունը, որն ուղղված է հայ ժողովրդի դեմ բուն Ադրբեջանի ներսում, այն պատերազմի քարոզչությունը, սադրիչ հայտարարությունները, որոնք հնչում են այդ երկրում, իհարկե, չեն նպաստում վստահության մթնոլորտի ամրապնդմանը, այլ հակառակը: Բայց, իհարկե, վստահության ամրապնդումը, բարենպաստ մթնոլորտի ստեղծումը եւ համապատասխան հանրային կարծիքի պատրաստումը դեպի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը կարեւոր է: Միգուցե Ադրբեջանում կարծում են, որ հանրային կարծիքը կարելի է մեկ օրում, հրամանով կամ ինչ-որ հրահանգներով փոխել 180 աստիճանով... Պետրոս Ղազարյան. Դե ինչքան երկիրը տոտալիտար, այնքան հեշտ է հանրային կարծիքը ուղղորդել: Էդվարդ Նալբանդյան. Միգուցե իրենք կարծում են, որ դա հնարավոր է: Որեւէ երկրում ինչպիսի մթնոլորտ էլ լինի, չեմ կարծում, որ դա հեշտ բան է: Դրա համար, եթե մենք գնում ենք խաղաղության, մենք պետք է պատրաստենք մեր ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Ադրբեջանը հակառակն է անում: Արփի Հարությունյան. Հարցը Ռուսաստանի դերակատարման մասին կլինի, երկու երկրների բանակցային գործընթացում: Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Մեդվեդեւի ամենահավանական փոխարինողը՝ Պուտինը, նույնքան ակտիվ չի լինի երկու երկրների բանակցային գործընթացում, որքան ներկայիս նախագահ Մեդվեդեւն է: Ի՞նչ եք կարծում Մինսկի խմբում Ֆրանսիային դիրքերը զիջած Ռուսաստանը կփորձի՞ դիվիդենտներ շահել երկու երկրների բանակցություններում հաջողություններ գրանցելու: Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ այստեղ խոսքը գնում է, որ ինչ-որ մեկը մյուսին զիջել է դիրքերը: Ես հիշեցնեմ Ձեզ, որ դեռ 2001թ. Ֆրանսիան իսկապես բավական ակտիվ դեր ուներ, եւ դա աջակցություն էր ստանում նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից՝ եռանախագահող այլ երկու երկրների կողմից: Եվ բավականին առաջընթաց էր արձանագրվել, մշակվել էին այսպես կոչված Փարիզյան սկզբունքները, որոնք դրվեցին Քի-Վեսթում փաստաթղթի վրա, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց առաջ գնալ այդ համաձայնությունների հիման վրա: Վերջին շրջանում, իհարկե, կարեւոր դեր է խաղում այլ երկու եռանախագահների կողմից լիակատար աջակցություն ունենալով՝ ռուսական կողմը: Շնորհիվ Ռուսաստանի Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությունների, մոտ 10 հանդիպում է կայացել եռակողմ ֆորմատով, եւ այդ ֆորմատը ցույց է տվել իր կենսունակությունը եւ արդյունավետությունը, ինչպես որ վերջին հանդիպումն էր, որ կայացավ Սոչիում: Վերջինի իմաստով՝ այդ շարքի մեջ, այլ ոչ թե վերջինը: Կարծում եմ, որ այս ձեւաչափը՝ նախագահների մակարդակով ձեւաչափը, շարունակություն կունենա եւ կարծում եմ, որ այստեղ երկու կարծիք չկա, եւ ինչ վերաբերվում է ռուսական ջանքերին, ապա բազմիցս, թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից հնչել է, որ այդ ռուսական ջանքերը, Դմիտրի Մեդվեդեւի ջանքերն ամբողջովին աջակցվում են իրենց կողմից: Դրա մասին անգամ հրապարակային հայտարարվեց Մեծ Ութնյակի շրջանակներում ընդունված Դովիլի հայտարարության մեջ: Անուղղակի ձեւով, անգամ ուղղակի, ինչ-որ բաներ էին հնչում Ադրբեջանից, թե սա միայն ռուսական նախաձեռնություն է, եւ ռուսական առաջարկներ են եւ այլն: Դա բացարձակ սուտ է իհարկե, որովհետեւ Ռուսաստանի կողմից այս ջանքերը համաձայնեցվում էին նաեւ այլ երկու եռանախագահող երկրների հետ, եւ հենց այդ պատճառով էր, որ այդ մակարդակով՝ նախագահների մակարդակով, նախագահներ Օբամայի եւ Սարկոզիի մակարդակով Դովիլի հայտարարության մեջ նշվեց, որ այդ ջանքերը լիովին աջակցվում են: Կցանկանայի նաեւ նշել, որ 2011 թ.Դովիլի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարբերակը, որը ներկայացված է եռանախագահների կողմից եւ գտնվում է բանակցությունների սեղանին՝ դա 2011թ. մարտ ամսվա առաջարկներն են, եւ կոչ էր արվում դրա շուրջ համաձայնության գալ եւ պատճառը հայտնի է, թե ինչու համաձայնության չեկան: Որովհետեւ ադրբեջանական կողմը, ինչպես եւ եղել էր 2011 թ. մարտին Սոչիում, երբ տասից ավելի փոփոխություններ եւ նոր առաջարկներ էր բերել վերջին վայրկյանին, նույնն արեց Կազանում՝ հունիսին: Արթուր Գրիգորյան. Պարոն Նալբանդյան, մի այսպիսի ընդհանրական հարց: Խոսքը վերաբերվում է բուն սկզբունքներին: Մենք առաջին անգամ տեսանք` բոլոր երեք հասարակություններն էլ՝ հակամարտության մեջ ներգրավված, առաջին անգամ ծանոթացան Լ՛Աքվիլայի հայտարարությունից հետո հիմնարար սկզբունքներին: Սակայն ասվեց, որ դրանք ընդամենը վեցն են հրապարակվում, մինչդեռ, ընդհանուր առմամբ, կարծես թե տասնչորս կամ տասնհինգն են: Դուք երեւի ավելի կոնկրետ մեզ կասեք: Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ այսօր այն մնացածը չի հրապարակվում, արդյո՞ք դրանք երկրորդական նշանակություն ունեն, թե շատ ավելի կարեւոր գաղտնիքներ են պարունակում իրենց մեջ քան այս վեցը: Էդվարդ Նալբանդյան. Դրանք տասնչորսն են: Իրականում մեծ գաղտնիք չկա այս սկզբունքների մեջ եւ անգամ Դովիլից առաջ մենք բազմիցս ներկայացրել էինք: Միգուցե ոչ այսպես կետ առ կետ, բայց ներկայացրել էինք: Եվ դա ասում է այն մասին, որ մենք ինչ անում ենք, դա էլ ասում ենք, եւ ինչ ասում ենք, դա էլ անում ենք: Եվ թե Լ՛Աքվիլայից հետո, թե Մուսկոկայից հետո, թե Դովիլից հետո մենք հայտարարեցինք, որ ողջունում ենք այդ հայտարարությունները եւ պատրաստ ենք դրանց հիման վրա, այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք էին բերվել այս վերջին չորս տարվա ընթացքում, գնալ առաջ: Խոսքը գնում է նաեւ ԵԱՀԿ շրջանակներում արտգործնախարարների հայտարարությունների մասին, որոնք ընդունվել էին 2008թ. դեկտեմբերին Հելսինկիում, 2009թ. դեկտեմբերին Աթենքում, 2010թ. հուլիսին Ալմա-Աթայում եւ 2010թ. Աստանայի գագաթաժողովին, որը կարեւոր հայտարարություն էր, եւ 2011թ. դեկտեմբերին Վիլնյուսում արտգործնախարարների ընդունած հայտարարությունը, ինչպես որ եռանախագահների կողմից բարձր մակարդակով Լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի հայտարարությունները: Կցանկանայի նշել նաեւ՝ Մեծ Ութնյակի շրջանակներում չկա այլ հակամարտություն, որի վերաբերյալ այս մակարդակով երեք հայտարարություններ արված լինեն, որոնց այդքան ուշադրություն դարձնեն Ռուսաստանի, Միացյալ Նահագների եւ Ֆրանսիայի Նախագահները: Այս բոլոր հայտարարությունները, որոնք արվել են եռանախագահների մակարդակով, նաեւ ԵԱՀԿ շրջանակներում, իսկ ինչո՞ւ եմ ես շեշտում ԵԱՀԿ-ն, որովհետեւ հենց ԵԱՀԿ-ն է զբաղվում հիմնախնդրի կարգավորմամբ, բոլոր հայտարարությունները համահունչ են մեր մոտեցումներին եւ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններին: Եվ մենք պատրաստ ենք դրա հիման վրա գնալ կարգավորման: Ինչը չենք լսում Ադրբեջանի կողմից: Պետրոս Ղազարյան. Վերջին տարիներին մի տեսակ Ղարաբաղի հարցում ոչ միայն փաստաթղթի բովանդակության շուրջ է գնում պայքար, մրցակցություն, այլ նաեւ ֆորմատի: Ադրբեջանը միշտ փորձում է Մինսկի խմբից, այս ֆորմատից դուրս հանել, եւ երեկ մենք տեսանք այս պարագայում արդեն Թուրքիայի միջամտությունը ֆորմատի առումով: Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Ֆրանսիան շարունակի Մինսկի խմբի իր գործունեությունը , ապա Թուրքիան նույնպես պետք է անդամակցի այս գործընթացին այն պատճառաբանությամբ, որ Սենատի որոշումից հետո Ֆրանսիան արդեն չի կարող լինել չեզոք երկիր, իսկ եթե Ֆրանսիան չեզոք չի եւ շարունակում է Մինսկի խմբում իր գործունեությունը, ապա Թուրքիան նույնպես պետք է որպես երեւի ոչ չեզոք երկիր մասնակցություն ունենա այդ գործընթացին: Նաեւ փաստ է նշել, որ օրինակ Սարկոզին Հայաստանում մնաց երկու օր, իսկ Ադրբեջանում մի քանի ժամ, եւ ահա տեսնում եք, որ համանախագահներից մի երկիրը անաչառ չէ, եւ Թուրքիան պետք է հավասարակշռությունը վերականգնի Մինսկի խմբում: Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ Ադրբեջան այցելության ժամերի մասին չէ Դավութօղլուի մտահոգությունը, միգուցե նա ավելի մտահոգ է, որ Սարկոզին մի քանի ժամ է եղել Թուրքիայում: Ինչ վերաբերում է վերջնագրերին, կամ այս ոճով հայտարարություններին, հատկապես եռանախագահողների ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը մասնակցություն ունենալուն, մենք արդեն արտահայտվել ենք. եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին, ապա պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու այս գործընթացից: Իհարկե թուրքական կողմը մեկ-մեկ, երբ փակում են իր առջեւ դուռը, փորձում է ծխնելույզից, երդիկից ներս մտնել: Դա առաջին անգամ չէ եւ ինչ-որ հատուկ զարմանք արդեն չի առաջացնում: Չեմ կարծում, որ Թուրքիան է որոշում այդ ձեւաչափերի հարցը եւ հատկապես վերջնագրեր ներկայացնելով այս կամ այն հարցում՝ որեւէ դրական արդյունքի կարող է հասնել: Հիշեցնեմ նաեւ, որ հենց Սոչիում Ադրբեջանի Նախագահը Հայաստանի Նախագահի հետ միասին ասաց այն, ինչի մասին ես արդեն նշեցի՝ նախագահները հույս հայտնեցին, որ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները որպես եռանախագահողներ՝ նույն կարգավիճակով եւ ձեւաչափով, կշարունակեն իրենց միջնորդությունը մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Պետրոս Ղազարյան. Իսկ այն փաստարկը, որ Ֆրանսիան այս Սենատի որոշումից հետո այլեւս չեզոք չի, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում: Էդվարդ Նալբանդյան. Դրանք անիմաստ հայտարարություններ են: Սենատի կողմից հաստատված օրենքի նախագիծը ուղղված չէ ինչ-որ կոնկրետ երկրի դեմ: Հայտնի է, թե «Ում գլխին է գլխարկը վառվում»: Եվ այն չափազանցված արձագանքը, որը վիրավորանքներով է լի Ֆրանսիայի հանդեպ, այն երկրների հանդեպ, որոնք ընդունել են Ցեղասպանությունը, հայ ժողովրդի հանդեպ, որն այս Ցեղասպանության դժբախտությունը, ողբերգությունը իր ուսերին է տարել, հայկական սփյուռքի հանդեպ սադրիչ հայտարարությունները եւս մեկ անգամ վերահաստատում են Ֆրանսիայում ընդունված օրենքի կարեւորությունը եւ անհրաժեշտությունը: Եվ կարծում եմ, որ ժխտողականության դրսեւորումներով լի թուրքական այս քաղաքականությունը ինչքան սաստականա, այնքան բերելու է նրան, որ այս կարգի որոշումներ ընդունվեն նաեւ այլ երկրների կողմից: Երբ Թուրքիան ասում է, որ Հայոց Ցեղասպանությունը միայն հայկական կողմի կարծիք է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ասեն, թե Հոլոքոսթը միայն հրեաների կարծիք է: Հիշեցնեմ, որ սա կարծիքն է նաեւ տասից ավելի եվրոպական երկրների, որոնք ընդունել են հայոց Ցեղասպանությունը: Եվ քսանից ավելի աշխարհով մեկ երկրների, միջազգային կազմակերպությունների, որոնք ընդունել են Ցեղասպանությունը: Հիշեցնեմ նաեւ այն, որ անգամ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով քվեարկում են դեմ կամ դեմ են դուրս գալիս Հայոց Ցեղասպանության ճանաչմանը այս կամ այն երկրում, եթե ոչ բոլորը, ապա ջախջախիչ մեծամասնությունը հայտարարում են, որ այո, սա ցեղասպանություն է: Թուրքիան հակառակն է ասում եւ ինքն իրեն ծուղակի մեջ է քաշում: Պետրոս Ղազարյան. Պարոն նախարար, մենք գիտենք, որ այսպիսի հատուկ խոսք կա, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է որեւէ երկրում: Քանի որ մենք ցավոք սրտի հարուստ չենք նավթով, բնական պաշարներով, մեր հիմնական՝ միջազգային հանրության հետ շփման հարստությունը մեր ներքին ժողովրդավարությունն է, այսինքն, որ Արեւմուտքը տեսնի, որ մենք նույն արժեքներով ապրող պետություն ենք եւ այդ առումով նույն համայնքի անդամ ենք, եւ պաշտպանելով մեր շահերը՝ նա պաշտպանում է նաեւ իր շահերը: Այս պարագայում նաեւ Ղարաբաղի հարցի լուծման առումով, շատ կարեւոր է, որ մենք լինենք ավելի ժողովրդավար, շատ ավելի ժողովրդավար քան Ադրբեջանն է: Եվ քանի որ ապագայում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ, իսկ դրանց վատ անցկացումը եւ Արեւմուտքի կողմից վատ արձագանքը ուղղակի կարող է նաեւ անուղղակի ազդել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա եւ մեր դիրքերը խիստ թուլացնել: Այ Դուք ունե՞ք այս առումով պատկերացումներ, մտահոգություններ ապագա խորհրդարանական ընտրությունների առումով: Էդվարդ Նալբանդյան. Վերջին շրջանում բավական կարեւոր առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարական բարեփոխումների իմաստով Հայաստանում, եւ դա գնահատում եւ արձանագրում են տարբեր միջազգային կառույցներ, եվրոպական կառույցներ: Առնվազն չորս հայտարարություն այդ կապակցությամբ արել է Եվրամիությունը եւ կապված նաեւ ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ, որը կատարվել է սերտ համագործակցությամբ Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպական տարբեր կառույցների փորձագետների հետ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից համապատասխան փորձագետների: Եվ բոլորի կողմից բավական դրական արձագանք եւ գնահատական է այս ամենը ստացել, եւ մեր Հանրապետության ղեկավարությունը, Հանրապետության Նախագահը բազմիցս հայտարարել է, որ նպատակն այն է, որ այս ընտրությունները լինեն արդար եւ լավ կազմակերպված, համահունչ միջազգային չափանիշներին: Ես վստահ եմ, որ այս ընտրությունները կլինեն շատ ավելի լավ քան նախորդ բոլոր ընտրությունները մեր անկախությունից հետո: Ես ուրիշ մի բան էլ հիշեցնեմ, կարեւոր մի բան, որը կարծում եմ մեր թերթերում այդքան չլուսաբանվեց: Իհարկե նախագահ Սարկոզին, երբ պետական այցելությամբ եկավ Հայաստան այնպիսի կարեւոր հայտարարություններ արեց, որ միայն այդ հայտարարություններով եւ այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք էին բերվել երկու՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ, արդեն այդ այցելությունը կարելի է գնահատել որպես պատմական: Մի կարեւոր հայտարարություն եւս արեց Ֆրանսիայի Նախագահը՝ խոսեց եվրոպական արժեքների, արժեհամակարգի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համաժառանգության մասին: Շատ կարեւոր եւ խորը իմաստ ունեցող... Արտակ Հերիքյան. Եվ հատուկ շեշտվեց, չնայած այս տարածաշրջանային բարդ պայմաններում Հայաստանը ժողովրդավարական մեծ առաջընթաց է ունեցել, ինչը գնահատվում է: Պետրոս Ղազարյան. Պարոն Նալբանդյան, Սենատի այս որոշումից հետո շատ լրագրողներ, գործընկերները դրսից, ինձ հարցնում էին, որ շատ տարօրինակ է, ինչո՞վ եք բացատրում, որ Ադրբեջանում Ցեղասպանության ժխտման հարցում ավելի կոշտ դիրքորոշում կա քան բուն Թուրքիայում: Տարօրինա՞կ չի թվում Ձեզ, ինչպե՞ս կարող է Թուրքիայում ավելի հանդուրժողական մթնոլորտ լինել այդ հարցի վերաբերյալ, քան Ադրբեջանում: Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ մթնոլորտն այդքան հանդուրժողական է Թուրքիայում: Որոշ դրական միտումներ ու զարգացումներ եղան Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված: Հիշեցնեմ, որ հենց այս գործընթացի հետ զուգահեռ սկսվեց այն ստորագրահավաքը, որ թուրքական մտավորականներ, մոտ 30,000 ստորագրություն հավաքվեց այն կոչի տակ, որով ներողություն էին խնդրում հայ ժողովրդից: Հետո, իհարկե, իշխանությունների կողմից կանգնեցվեց այս գործընթացը: Հիշեցնեմ, որ այս վերջին տարիներին սկսվեցին ցույցեր, հիշատակի միջոցառումներ կազմակերպվել ապրիլի 24-ի հետ կապված հենց Թուրքիայի տարբեր քաղաքներում: Բազմաթիվ թուրք մտավորականներ, զբոսաշրջիկներ, որոնք եկել են Հայաստան այս վերջին տարիներին, այցելել են նաեւ Ցեղասպանության հուշահամալիր: Իհարկե փոփոխություններ կան եւ այս փոփոխություններն ակնհայտ երեւում են: Այսօր շատ մտավորականներ Թուրքիայում արտահայտվում են կողմ Ցեղասպանության ճանաչմանը: Եվ կարծում եմ, որ այս գործընթացը շարունակվելու է: Ադրբեջանում միգուցե այդ մթնոլորտը դեռ չկա: Ադրբեջանի հետ հուսով եմ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու հնարավորություն կունենանք, երբ կարգավորենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Արտակ Հերիքյան. Պարոն Նալբանդյան, մի այսպիսի հարց: Արդյոք Ֆրանսիայի Սենատում հակաժխտողական այդ օրինագծի ընդունումն ինչ-որ տեղ նաեւ միջազգային հանրության այսպես խտացված, կոշտ պատասխանը չէ Թուրքիային, այն բանի համար, որ Անկարան ձախողեց հայ-թուրքական հարաբերությունները՝ առանց նախապայմանների կարգավորելու գործընթացը, որը միջազգային հանրությունը հովանավորում էր ու խրախուսում: Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիայի կողմից բազմիցս են հնչել կոչեր դեպի Թուրքիան: Հիշենք դեռ, երբ Ֆրանսիայի Նախագահ Շիրակը պետական այցելությամբ եկել էր Հայաստան, այցելելով Ցեղասպանության հուշահամալիր շատ կարեւոր հայտարարություն արեց՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը: Եվ այդպիսի կոչեր բազմիցս են հնչել: Իսկ Նախագահ Սարկոզիի նախընտրական խոստումներից մեկն էր սա: Եվ կարելի է միայն ամենախորին հարգանքով վերաբերվել այս անձի հանդեպ, որ ոչ միայն խոստումներ է տալիս նախընտրական շրջանում, այլ նաեւ կատարում է, երբ նախագահ է դարձել... Պետրոս Ղազարյան. Բացառիկ, հազվադեպ երեւույթ է միջազգային պրակտիկայում: Էդվարդ Նալբանդյան. Պատահում են այդպիսի երեւույթներ: Այս շարքում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում Նախագահ Սարկոզին, ում այս, շատ կարեւոր քայլի համար ամենախորին հարգանքը կարելի է արտահայտել: Պետրոս Ղազարյան. Մեհմեդ Ալի Բիրանդն էր հետաքրքիր հոդված գրել, նա գրել էր, որ ուշադրություն դարձրեք, որ նույնիսկ նրանք, ովքեր դեմ են օրինագծին, նրանք չեն ասում, որ Ցեղասպանություն չի եղել: Այսինքն, ասում է, որ Ֆրանսիական Սենատը միաբերան է, միահամուռ է, որ Ցեղասպանություն եղել է: Իսկ քրեականացման հարցը նրանք տարբեր կերպ կարող է մեկնաբանեն: Այսինքն, ասում են, որ Թուրքիան պետք է համաձայնվի այն կարծիքի հետ, որ Ցեղասպանությունն այսօր ընդունում են բոլորը: Նա ասում է, այսօր այդ պարզ ճշմարտությունը չենք կարողանում տեսնել: Էդվարդ Նալբանդյան. Իհարկե: Ոչ միայն Ֆրանսիայում, իրականում, Թուրքիայում էլ շատերը նույն ձեւով են վերաբերվում: Շատերի հետ եմ ես խոսել: Միգուցե հրապարակայնորեն չեն արտահայտվում: Դա, իհարկե, ակնհայտ է, այլ քննարկումների ժամանակ, որոնք եղել են եւ ցավոք չեն հաստատվել, ճանաչումները, բայց այդ չճանաչման պատճառը չի եղել այն, որ որեւէ մեկը կասկածեր, որ դա ցեղասպանություն է: Սա միանշանակ է: Արփի Հարությունյան. Պարոն Նալբանդյան, Սենատի որոշումից հետո, այդուհանդերձ, սառն արտահայտվեց Բրիտանիան օրինակ՝ նշելով, թե Բրիտանիան բավարարվում է պատերազմական հանցագործությունները դատապարտելով: Ի՞նչ եք կարծում, նման դիրքորոշումները Թուրքիային մեղմելու համար էին, թե եվրոպական մյուս երկրներում նման օրինագծի ընդունման շղթայական ռեակցիան կանխելու, թե այդուհանդերձ կա երրորդ տարբերակ: Էդվարդ Նալբանդյան. Պետք է նայել ինչ կոնտեքստում են արվում հայտարարությունները եւ արդյոք այդ հայտարարությունները տրված են այնպես ինչպես արված են, բայց այն հանդիպումների արդյունքում, որ ես եմ ունենում տարբեր երկրների, ներառյալ եվրոպական իմ գործընկերների հետ, շատերը չեն կիսում այն կարծիքը, որ պետք է պատմաբաններին թողնել այսպիսի հարցերը: Վերջին հանդիպումը, ես երեկ չէ առաջին օրը ունեցա Լիտվայի արտգործնախարարի հետ, որը հրապարակայնորեն, երբ նույն հարցը իրեն ուղղվեց, ինքն ասաց, որ, գիտեք պատմությունը թակում է ներկայի դռները, եւ պետք է այդ դռները բացել եւ առերեսվել բաց, շիտակ ձեւով եւ առանց դրա չի կարելի վստահություն, կայունություն, խաղաղություն ունենալ եւ սխալ է այն կարծիքը, թե պետք է թողնել այս հարցերը պատմաբաններին: Եվ դա միայն մեկ կարծիք չէ: Ցավոք պատմության սեւ, ողբերգական էջերը գրված են: Եվ շրջել այդ էջերը, եթե ընդհանրապես կարելի է շրջել, հնարավոր է միայն ճանաչման, դատապարտման եւ ժխտողականության արգելման միջոցով, որպեսզի նորից ականատես չլինենք նոր ողբերգությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների: Պետրոս Ղազարյան. Պարոն Նալբանդյան, Թուրքիայի հետ կապված, այնուամենայնիվ մեր գլխավոր խնդիրներից մեկը ապաշրջափակումն է, սահմանների բացումն է: Ձեր կարծիքով Սենատի այս որոշումն ընդհանրապես կդրդի, որպեսզի Թուրքիան մոռանա այդ մասին, ավելի կոշտացնի դիրքորոշումը Հայաստանի մասին եւ մոտակա ապագայում չանդրադառնա այս խնդրին, թե սա կստիպի, որպեսզի Թուրքիան վերանայի իր կոշտ դիրքորոշումը եւ փորձի հայ-թուրքական գործընթացը սառեցրած վիճակից դնի որոշակի ռելսերի վրա: Մանավանդ, որ լուրեր տարածվեցին, որ ինչ-որ գաղտնի բանակցություններ են էլի եղել, ճիշտ է հերքվեց, բայց շատ զուգադիպեց հենց այս՝ Սենատի որոշմանը: Էդվարդ Նալբանդյան. Ոչ մի գաղտնի կամ անգաղտնի բանակցություններ չեն ընթանում այսօր Թուրքիայի հետ: Ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդված: Չեն տարվում այն պարզ պատճառով, քանի որ դա հնարավոր կլինի անել, երբ որ Թուրքիան պատրաստ լինի ինչ-որ գործնական քայլերի: Այս իր քաղաքականությունը հեռանկարներ չունի: Ժամանակը քաղաքականության, պատմության համար շատ հարաբերական բան է, ինչքան կտեւեն այս դրսեւորումներն իրենց կողմից, կերեւա: Բայց մի բան պարզ է՝ Թուրքիան չի կարող ընդմիշտ սահմանները փակել, ընդմիշտ ժխտողականությամբ զբաղվել, պայմանագրեր ստորագրել եւ չհարգել, չվավերացնել այդ պայմանագրերը: Ես նշել եմ, եւս մեկ անգամ կհիշեցնեմ, որ դիվանագիտության, միջազգային հարաբերությունների մեջ ամենակարեւոր սկզբունքը pacta sunt servanda սկզբունքն է՝ ստորագրված, ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Անգամ մարդկային հարաբերություններում, եթե որեւէ մեկի հետ ինչ-որ բան ես պայմանավորվում, եւ այդ անձը չի կատարում, չի հարգում պայմանավորվածությունները մեկ անգամ, երկու անգամ, որովհետեւ այդպես Թուրքիան ոչ միայն Հայաստանի հետ է պայմանավորվել եւ չի հարգել: Հասկանում եք, ինչ վերաբերմունք է առաջանում: Իսկ Թուրքիայի ամպագոռգոռ հայտարարությունների մասով. գիտեք, երբ փաստարկներ չկան, երբ բան չունեն ասելու, իհարկե աղմուկ են հանում: Արտակ Հերիքյան. Բայց ի վերջո մեր միջազգային գործընկերների մոտ կա՞ այն ընկալումը, որ Թուրքիան չի հարգում այդ պայմանավորվածությունները: Այդ հստակ ընկալումը կա՞ նրանց մոտ: Էդվարդ Նալբանդյան. Դուք կասկածո՞ւմ եք: Եթե այդպես չլիներ, ապա կարեւորագույն երկրների ներկայացուցիչները մամլո ասուլիսների ժամանակ, ներառյալ նաեւ Հայաստանում, չէին ասի, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Պետրոս Ղազարյան. Ի միջի այլոց, արձանագրությունների քննադատները, պարոն Նալբանդյան, երեք հիմնական փաստ էին նշում, նրանք ասում էին, որ այս արձանագրություններից հետո, երբ որ չվավերացվեն, ա. հայ-թուրքական հարաբերությունները ավելի կվատթարանան, բ. որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կկանգնի եւ այդ գործը կվիժեցվի, եւ երրորդ, որ Թուրքիան կունենա ավելի ակտիվ դերակատարում Ղարաբաղյան հարցում եւ ծանրակշիռ խոսք կունենա: Ինչպե՞ս կմեկնաբանեք հիմա, երբ նայում ենք հետադարձ: Էդվարդ Նալբանդյան. Մեկնաբանության կարիք չկա, քանի որ այս փաստարկները մեկնաբանեցին բազմիցս թե մեր թերթերում, թե արտասահմանում, թե հենց Թուրքիայում: Իհարկե դա լուրջ չէ, եւ այս կարգի փաստարկները չեն դիմանում որեւէ քննադատության: Պետրոս Ղազարյան. Ինձ հետաքրքիր է Ձեր ձեւակերպումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ցեղասպանության հարցում, ասում էին, որ նա պետք է դուրս լինի մեր արտաքին քաղաքական օրակարգից: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ասում էին, որ դա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարն է: Այ հիմա Դուք ո՞նց կձեւակերպեք Ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Էդվարդ Նալբանդյան. Մենք ձեւակերպում ենք նույնպես, ինչպես եղել է վերջին տարիների ընթացքում եւ Դուք կարող եք բացել մեր տարեկան հաշվետվությունները, կամ գերակա խնդիրները հաջորդ տարվա համար: Փաստաթղթերում գրված է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը գտնվում է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Արփի Հարությունյան. Որպես Ֆրանսիայում երկար տարիների Հայաստանի դեսպան, ի՞նչ եք կարծում այդ օրինագիծը, հետեւաբար նրա ընդունումն արտացոլում է ֆրանսիական հանրության մեծամասնության կարծիքը, թե դա ի երախտիք արվեց մեր հայրենակիցների ջանքերի, որ գործադրվել են իրենց երկրի զարգացման, բարգավաճման գործում: Էդվարդ Նալբանդյան. 2001թ., երբ ընդունվեց Ցեղասպանության ճանաչման օրենքը, այո, ես այնտեղ դեսպան էի, եւ իմ կարծիքն այն էր, որ դա արտահայտություն է ամբողջ Ֆրանսիայի ժողովրդի, որովհետեւ ես ինքս, որ երկար ու ձիգ տարիներ Ֆրանսիայում եմ գտնվել որպես դեսպան, ես ինքս մասնակցել եմ տասնյակ ու տասնյակ փողոցների, հուշարձանների, հրապարակների, պուրակների բացմանը, որոնք նվիրված են Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եվ նաեւ այն քաղաքներում, գյուղերում, որտեղ հայեր չեն ապրում, համայնք չկա: Եվ Ձեզ հիշեցնեմ, որ այս օրինագիծը, երբ քննարկվում էր Սենատում, սա կարծիքն էր բոլոր հիմնական քաղաքական ուժերի՝ թե աջ, թե ձախ: Իհարկե միգուցե մի փոքր տարբերություն կա 2001թ. եւ 2012թ. միջեւ: Եթե 2001թ. կառավարության կողմից չէր ներկայացված նախագիծը, ապա այս անգամ կառավարությունն էր ներկայացրել: Կառավարություն, Նախագահ, Ազգային Ժողով, Սենատ եւ հիմնական քաղաքական ուժեր: Սա խոսում է ինչի՞ մասին, ո՞վ է Ազգային Ժողովում, ո՞վ է Սենատում: Ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ, սենատորներ են: Ինչպե՞ս է ընտրված նախագահը՝ ժողովրդի կողմից ընտրված ղեկավար է: Բոլորը մեկ կարծիք են արտահայտում Ֆրանսիայում: Պարոն Նալբանդյան, շատ շնորհակալություն հարցազրույցի համար: Էդվարդ Նալբանդյան. Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել հանդիպման համար, կարծում եմ, այս հանդիպումներն այս կամ այն ձեւաչափով օգտակար են եւ հուսով եմ, որ ցանկություն կունենաք նոր հանդիպումների, եւ եթե ցանկությունը լինի ես, իհարկե, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին այս կամ այլ ձեւաչափերով:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ