Բուենոս Այրեսի քաղաքապետին է փոխանցվել հայ գրատպության 500-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու հրավերը


Բուենոս Այրեսի քաղաքապետին է փոխանցվել հայ գրատպության 500-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու հրավերը

  • 18-02-2012 15:02:11   | Արգենտինա  |  Մշակույթ

Փետրվարի 16-ին ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրիի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպմանը ՀՀ դեսպանը Բուենոս Այրեսի քաղաքապետին է փոխանցել հայկական կողմի պաշտոնական հրավերը` մասնակցելու հայ գրատպության 500 ամյակին եւ 2012թ. Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելուն նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք կայանալու են Երեւանում, ապրիլի 22-23-ին: Արգենտինայի մայրաքաղաքի ղեկավարը գոհունակությամբ է ընդունել հրավերը եւ նշել, որ Բուենոս Այրեսի պատվիրակության այցելությունն Երեւան կարեւոր խթան կհանդիսանա այս երկու քույր քաղաքների միջեւ համագործակցության կապերի ամրապնդման համար: Նկատի ունենալով, որ մինչեւ 2012թ. ապրիլի 21-ը գրքի միջազգային մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է, դեսպան Կարմիրշալյանն ու քաղաքապետ Մաուրիսիո Մակրին կարեւորել են, որ առաջին անգամ մեկ քաղաքից մյուսին այդ տիտղոսի փոխանցման արարողությունը կատարվելու նման հանդիսությամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանավորությամբ, ՀՀ կառավարության, հանձնող ու ընդունող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ: Նախօրեին` փետրվարի 15-ին, դեսպան Կարմիրշալյանը հանդիպում էր ունեցել նաեւ Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդիի հետ եւ նրա հետ քննարկել արգենտինական պատվիրակության` Երեւանում կայանալիք միջոցառումներին ակտիվ մասնակցության հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Մշակույթ