Մայրենի լեզվի օրվա առթիվ փետրվարի 21-ին կանցկացվեն միջոցառումներ Երեւանում եւ Օշականում


Մայրենի լեզվի օրվա առթիվ փետրվարի 21-ին կանցկացվեն միջոցառումներ Երեւանում եւ Օշականում

  • 20-02-2012 21:16:55   | Հայաստան  |  Մշակույթ
Մայրենի լեզվի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կմասնակցի Մատենադարանում կազմակերպվող միջոցառմանը եւ «Հեռուստատեսությունը եւ հասարակությունը» խորագրով գիտաժողովին, կայցելի Մեսրոպ Մաշտոցի շիրմին: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է միջոցառումներ Երեւանում եւ Օշականում: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենիի միջազգային օր: 2005թ. Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փոփոխություն է մտցվել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվել է որպես Մայրենի լեզվի օր: Այն կոչված է նպաստելու մեսրոպատառ ոսկեղենիկ մայրենիի հետ կապված խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհների ուղենշմանը, ինչպես նաեւ Հայրենիքում եւ Սփյուռքի համայնքներում Սուրբ Մաշտոցին եւ հայ գրականության ու մշակույթի երախտավորներին նվիրված ամենաբազմազան միջոցառումների կազմակերպման շնորհիվ երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն ներշնչմանը: ժ.12:00 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլ պաշտոնատար անձինք ներկա կգտնվեն Մատենադարանի նորակառույց շենքի դահլիճում կազմակերպված միջոցառմանը, որի մեկնարկը կլինի Մ. Մաշտոցի արձանի շրջակայքում: Ելույթ կունենան ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը, սփյուռքահայ օպերային երգիչ Գեւորգ Հաճյանը, օպերային թատրոնի մեներգիչ Հովսեփ Նշանյանը, ինչպես նաեւ «Գեղարդ» եւ «Ծաղկազարդ» երգչախմբերը: ժ. 14:30 ՀՀ սփյուռքի նախարարության եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռուստատեսությունը եւ հասարակությունը» խորագրով գիտաժողովը (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,Ալեք Մանուկյան 1, Եղիշե Չարենց սրահ), որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, գիտնականներ, երեւանյան հեռուստաընկերությունների ղեկավարներ եւ այլք: Ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները հանդես կգան հեռուստաեթերի լեզվական հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումներով (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Սաքապետոյան, «Հայկական հեռուստատեսության լեզուն եւ ոճը», բ. գ. դոկտոր, պրոֆեսոր Մ. Հովսեփյան, «Մայրենիի պահպանման եւ մատուցման առանձնահատկությունները ՀՀ հեռուստաեթերում», բ. գ. թեկնածու դոցենտ Ն. Վարդանյան, «Հեռուստաեթերի արդի խնդիրներից մինչեւ մեդիակրթություն», բ. գ. թեկնածու դոցենտ Ա. Մենեմշյան, «Արժեքներ էկրանից», բ. թ. թեկնածու Ա. Ավետիսյան, «Սփյուռքում հեռարձակվող հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը», Վ. Միրաքյան, «Ագրեսիան հայկական եթերում», Զ. Սարգսյան, «Հեռուստաեթերի ազդեցությունը դեռահասի արժեհամակարգի ձեւավորման վրա», Դ. Սարգսյան, «Մեկնաբանի կերպարը հեռուստաեթերում») : ժ.16:50 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ այլ պաշտոնատար անձինք կայցելեն Օշական եւ ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին: Օշական գյուղի դպրոցականների ուժերով եկեղեցուն կից դպրատանը մարզի դպրոցականների ուժերով կկայանա միջոցառում` նվիրված Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play