Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների օրը, մենք գովերգում ենք մարդու իրավունքների խիզախ պաշտպաններին` ոմանք հայտնի, շատերն անհայտ, եւ որոնք բարձրաձայնում են իրենց կարծիքն ընդդեմ խտրականության, մերժման եւ անհավասարության:
Մարդու իրավունքների այս պաշտպանները կյանք են դնում Մարդու իրավունքների միջազգային հռչակագրի մեջ, որը վաթսուներկու տարի առաջ հենց այս նույն օրը միջազգային հանրությանը հիշեցրեց «մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար եւ անօտարելի իրավունքների» եւ «անքակտելի արժանապատվության» մասին: Հռչակագիրը վախից, կարիքից ու անհանդուրժողականությունից ազատ աշխարհի հիմքը դրեց, ուր ուժեղագույնը հաշվետու է, խոցելին` պաշտպանված:
Մարդու բոլոր իրավունքների հանդեպ հարգանքը հասանելի է, եթե մենք մարդու իրավունքների պաշտպանների հետ միասնաբար գործենք եւ խտրականության դեմ պայքարը դարձնենք մերը: Մենք պետք է այդպես անենք, որովհետեւ խտրականությունը դաժան պատուհաս է: Խտրականության որոշ արմատացած կողմեր հատուկ մտահոգության առարկա են` դրանց գլոբալ տարածվածության պատճառով:
Օրենքով եւ իրական կյանքում կանանց` աշխարհի բնակչության կեսի նկատմամբ խտրականությունը, դարձնում են նրանց երկրորդ կարգի քաղաքացիներ եւ բռնության թիրախ:
Երկար տարիներ տեղաբնիկ մարդիկ ընդունվում էին որպես անցանկալի հյուրեր իրենց իսկ նախնիների երկրում: Ռասիզմը դեռ պարտված չէ, քանի որ փոքրամասնություններ ու այլ խոցելի անհատներ, աշխարհի ցանկացած վայրում, շարունակում են ապրել ռասայական հարձակումների հանդեպ վախի զգացումով:
Մենք բոլորս պետք է զորավիգ լինենք հաշմանդություն ունեցող անձանց դատին, որոնց նայում ենք տխուր հետաքրքրությամբ, երբ հատում են մեր ճամփան, բայց որոնք, շատ հաճախ, հեշտությամբ անտեսանելի են դառնում, երբ խոսքը վերաբերում է նրանց իրավունքների պաշտպանությանը:
Մենք պետք է դատապարտենք վատ վերաբերմունքը անօրինական միգրանտների նկատմամբ, ովքեր, շատ դեպքերում, դիտարկվում են որպես օրենքից դուրս մարդիկ արտասահմանյան այն երկրներում, որոնք նրանց աշխատանքի կարիքն ունեն:
Իրենց սեռական կողմնորոշման պատճառով` ամբողջ աշխարհում մարդիկ հանդուրժում են արհամարանք, մարդու իրավունքների ոտնահարում ու բռնություն:
Տարեցները աստիճանաբար դիտարկվում են որպես իրենց ընտանիքների կամ համայնքների կողմից «թափոններ» կամ «բեռ», քան փորձառության եւ իմաստության աղբյուր:
Մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ այս իրավիճակի նկատմամբ որդեգրվի ճիշտ քայլերի ու միջամտությունների պատշաճ համադրում, օրենքով եւ իրական կյանքում լիազորեն տուժածներին, խթանեն նրանց մասնակցությունը եւ նպաստեն հանրային կրթությանը:
Հատուկ խմբերի հանդեպ խտրականության եւ մերժման երկար պատմություն ունեցող շատ երկրներ փոփոխել են կամ պատրաստվում են վերափոխել իրենց կանոնադրական գրքերը` հավասարության միջազգային սկզբունքներն ու միջազգային իրավունքի մեջ մարմնավորված արժեքներն արտացոլելու համար: Իմ սեփական երկիրը` Հարավային Աֆրիկան, հենց վերջերս այդպես արեց:
Այս առաջընթացի եւ մարդկային արժեքի բարձիթողի վիճակն իրազեկելու համար պարտական ենք իրավապաշտպաններին, ովքեր պայքարում են կոտրել խտրականության, անիրավության եւ հուսահատության արմատացած կաղապարները: Նրանց չնվազող հանձնառության, խիզախության, ինտելեկտի եւ զոհաբերության արդյունքում մենք գիտենք, որ հնարավոր է ստեղծել հավասար խաղի եւ արժանապատիվ կյանքի պայմաններ բոլորի համար: Հաճախ անձնական մեծ ռիսկի գնով` պաշտպանները հավերժ փոխել են ինքներս մեզ եւ յուրաքանչյուրին վերաբերվելու ձեւը:
Անշուշտ, մարդու իրավունքներն ու նրանց պաշտպանությունը շարունակում են դիմադրել պատմության դժվարին փորձություններին: Ու մինչ բռնատերերը շարունակում են ընկնել, իսկ գաղափարախոսությունները մարել, նրանք յուրաքանչյուր օր ձեռք են բերում նորանոր օժանդակողներ: Բայց մենք իրավապաշտպանների ազատության ու իրավունքների դեմ հարձակումների նկատմամբ պետք է անզիջում լինենք:
Որոշ երկրներում հայտնված նոր միտումները դժվարացնում եւ թուլացնում են պաշտպանների գործողությունների արդյունավետությունը: Մասնավորապես, ես նկատի ունեմ անպատկառ օրենսդրությունն ու կանոնները, որոնք սահմանափակում են մարդու իրավունքների պաշտպանների տարածքը, ֆինանսական անկախությունն ու աշխատանքային դաշտը: Այս օրենսդրությունների մեծ մասն անհամատեղելի են մարդու իրավունքների չափորոշիչների եւ միջազգային նորմերի հետ:
Ամենուրեք, հին եւ ակնհայտ ամբողջատիրական օրենքները մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնում են մեծ ռիսկայնության գործ: Անթիվ պաշտպաններ շարունակում են հաճախակի հարձակումների ու կտտանքների ենթարկվել, սպանվել կամ ստիպված լինել աշխատել աքսորված: Շատերը հյուծվում են բանտերում: Ես կոչ եմ արել եւ կշարունակեմ առաջ քաշել բոլոր խղճի բանտարկյալների ազատ արձակումը: Ես կոչ եմ արել եւ կշարունակեմ առաջ քաշել հարգանքը աշխարհի իրավապաշտպանների մարդու իրավունքների եւ աշխատանքի հանդեպ:
Անցյալ ամիս, երբ նա ազատվեց վեց տարվա տնային կալանքից, Մյանմարի դեմոկրատ ղեկավար Օնգ Սան Սու Կին քննադատորեն նշեց. «Եթե իմ մարդիկ ազատ չեն, ինչպե՞ս ես կարող եմ ասել, որ ես ազատ եմ: Կամ մենք բոլորս ազատ ենք միասին, կամ մենք ազատ չենք միասին»: Այս խոսքերը մարմնավորում են մարդու իրավունքների շարժման, եւ ամբողջ աշխարհում նրանց ջատագովների հավատամքը: Նրանք գիտեն, որ ազատագրմանը կարելի է հասնել ճկունության եւ պաշտպանության միջոցով:
Մենք պետք է փայփայենք մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը եւ պահպանենք նրանց: Մեր ուղերձը պետք է լինի բարձրաձայն եւ հստակ. ոչ ոք երկրորդ կարգի մարդ չէ եւ ոչ ոք չպետք է ստանա սպառնալիք այսպես արտահայտվելու համար:
Նավի Փիլեյ
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար