ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Նավի Փիլեյի հայտարարությունը
09-12-2010 14:45:23 | ԱՄՆ | Իրավունք
Երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, մենք, երբեմն, մոռանում ենք, թե ինչքան շատ պարտավորություններ ունենք այլ անձանց հանդեպ. հարյուր հազարավոր այն չգնահատված հերոսների հանդեպ, որոնք հայտնի են որպես մարդու իրավունքների պաշտպաններ:
Նրանք փոխել են պատմությունը, գործ ունեցել անարդարության եւ խտրականության հետ, որտեղ որ հայտնաբերել են:
Նրանց անուններից մի քանիսը կարող են ծանոթ լինել Ձեզ` Էմմելին Պանքհուրստ, Մահաթմա Գանդի, Մարտին Լյութեր Քինգ, Նելսոն Մանդելա, Ռիգոբերտա Մենչու:
Բայց նրանց մեծ մասն ընդհանրապես հայտնի չէ աշխարհում:
Նրանք իշխաններ ու քաղաքագետներ են, տարբեր բնագավառներ ներկայացնող կանայք ու տղամարդիկ: Մի մասը` հարուստ է, մյուս մասը` աղքատ, ոմանք ինտելեկտուալ են, մյուսները` հազիվ գրաճանաչ:
Այս գործի համար ձեւական որակավորում չի պահանջվում: Մենք բոլորս կարող ենք եւ պետք է լինենք մարդու իրավունքների պաշտպաններ:
Այն ընդամենը պահանջում է նվիրվածություն եւ խիզախություն:
Ամեն տարի մարդու իրավունքների հազարավոր իրավապաշտպաններ են հալածվում, շահագործվում, անարդարացիորեն բանտարկվում եւ սպանվում: Հաճախ նրանց ընտանիքները նույնպես թիրախ են հանդիսանում:
Ահա թե ինչու Մարդու իրավունքների օրն այս տարի նվիրված է մարդու իրավունքների պաշտպաններին եւ խտրականության դեմ նրանց հիանալի պայքարին:
Մենք պետք է պաշտպան կանգնենք նրանց իրավունքներին, որ նրանք էլ շարունակեն պաշտպանել մերը: