ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ
09-12-2010 14:33:00 | ԱՄՆ | Իրավունք
Մարդու իրավունքները ազատության, խաղաղության, զարգացման եւ արդարության հիմքն են եւ Միավորված ազգերի կազմակերպության կողմից աշխարհով մեկ իրականացվող աշխատանքների հիմքը:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ նրանց դերի բարձրացման մասին օրենքներն անժխտելի են: Բայց շատ հաճախ, երբ խիզախ կանայք եւ տղամարդիկ, ջանալով պաշտպանել իրենց եւ ուրիշների իրավունքները վճռելով իրավունքներն իրական դարձնել մարդկանց կյանքում` իրենք են տառապանքների մեջ ընկնում:
Սրանք մարդու իրավունքների այն պաշտպաններն են, ում նվիրում ենք Մարդու իրավունքների այս տարվա օրը:
Իրավապաշտպանները որպես խումբ իրարից շատ տարբեր են: Նրանք կարող են լինել հասարակական կազմակերպության անդամներ, լրագրող կամ պարզապես միայնակ քաղաքացի, ովքեր դժգոհելով իրենց մոտակայքում տեղի ունեցող անարդարությունից սկսում են գործել:
Բայց նրանք բոլորն էլ ստանձնում են անօրինականություններ երեւան հանելու, ամենախոցելիներին պաշտպանելու եւ անպատժելիությանը վերջ տալու պարտավորություն: Նրանք ոտքի են ելնում, բարձրաձայնում, այսօր նաեւ սոցիալական ցանցերով, հանուն ազատության եւ մարդկային արժանիքների:
Իրավապաշտպանները կենսական դեր են խաղում խտրականության դեմ պայքարում: Նրանք հետաքննում են խախտումները, օգնում զոհերին արդարություն եւ աջակցություն ստանալ:
Բայց շատ ավելի հաճախ նրանց աշխատանքը ահագին ռիսկ է պարունակում:
Իրավապաշտպանները հալածվում են, զրկվում իրենց աշխատանքից եւ անօրինականորեն բանտարկվում: Շատ երկրներում նրանք կտտանքի են ենթարկվում, ծեծվում եւ սպանվում են:
Նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները նույնպես հալածանքի եւ ահաբեկության թիրախ են հանդիսանում:
Կին իրավապաշտպանները լրացուցիչ ռիսկերի են հանդիպում, ուստի լրացուցիչ աջակցության կարիք ունեն:
Մարդու իրավունքների այս օրը առիթ է ողջունելու իրավապաշտպանների խիզախությունն ու ձեռքբերումներն ամենուր, եւ խոստանալու անել ավելին նրանց աշխատանքը պաշտպանելու համար:
Մարդու իրավունքների ջատագովներին պաշտպանելու հիմնական պատասխանատվությունը կրում են պետությունները: Ես կոչ եմ անում բոլոր պետություններին ապահովել արտահայտման եւ հավաքների ազատությունը, ինչն իրավապաշտպանների գործը հնարավոր է դարձնում:
Մարդու իրավունքների պաշտպանների կյանքին վտանգ սպառնալիս` նվազում է մեր բոլորի անվտանգությունը:
Երբ մարդու իրավունքների պաշտպանների ձայները լսելի չեն, արդարությունն ինքնին խեղդված է:
Մարդու իրավունքների այս օրը եկեք ոգեշնչվենք նրանցով, ովքեր ձգտում են մեր աշխարհն ավելի արդար դարձնել: Եվ թույլ տվեք հիշել, որ յուրաքանչյուր ոք` անկախ մասնագիտությունից, ուսուցումից եւ կրթությունից, կարող է լինել մարդու իրավունքների ջատագով:
Ուրեմն, եկեք օգտագործենք այդ ուժը: Եկեք յուրաքանչյուրս լինենք մարդու իրավունքների պաշտպան: