Հոկտեմբերի 27-ի գործով բոլոր դատապարտյալները քաղբանտարկյալներ են, գտնում է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը


Հոկտեմբերի 27-ի գործով բոլոր դատապարտյալները քաղբանտարկյալներ են, գտնում է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

  • 22-02-2012 17:31:14   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին Հելսինկյան ասոցիացիայի 2011թ. զեկույցը վկայում է, որ պետական մարմինները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Այս մասին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ փետրվարի 22-ի հանդիպմանը հայտարարել է Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Ըստ զեկույցի, «չնայած համաներման անցկացմանը` քրեակատարողական հիմնարկներում շարունակում է էական խնդիր հանդիսանալ գերբնակեցվածությունը», քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային դաժան վերաբերմունքի: Միքայել Դանիելյանը տեսակետ է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովում 1999 հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով գլխավոր դատապարտյալ Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է: «Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, ինչպես Նելսոն Մանդելան եւ Օջալանը, որովհետեւ իրականացվածը հեղաշրջման փորձ էր: Նա ցանկանում էր հեղաշրջում կատարել: Այս գործում շատ մութ տեղեր կան, ինչը հաստատում է, որ Նաիրի Հունանյանը եւ այս գործով բոլոր դատապարտվածները քաղաքական բանտարկյալ են»: Իրավապաշտպանը նաեւ մտահոգություն է հայտնել առ այն, որ ավելի քան 50 եհովականներ բանտում են գտնվում: Նա պարզաբանել է, որ կրոնական համոզմունքների, զինծառայությունից հրաժարվելու պատճառով նրանց անազատության մեջ պահելը անօրինական է:
Նոյյան տապան  -   Իրավունք