Միջոցառումների շարք Փարիզում` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարեդարձին


Միջոցառումների շարք Փարիզում` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարեդարձին

  • 28-02-2012 16:57:10   | Ֆրանսիա  |  Մշակույթ
Փետրվարի վերջին Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը /ՖԿՀԽ/ ծրագրել եւ անցկացնում է միջոցառումների շարք` նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի 24-րդ տարեդարձին: Փետրվարի 26-ի առավոտյան Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը, Ֆրանսիայում գործող հայկական միությունների ղեկավար եւ շարքային անդամներ, ֆրանսիական հասարակայնության ներկայացուցիչներ, ֆրանսահայության ստվարաքանակ ներկայացուցիչներ: Պատարագից հետո թափորը ուղեւորվեց դեպի Փարիզի Երեւանի պարտեզի հարեւանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձան, ուր ոգեկոչման տուրք մատուցվեց զոհերի հիշատակին: Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, այլ կազմակերպությունների ու միությունների կողմից: Փետրվարի 27-ի երեկոյան Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը անցկացրեց Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում ջարդերի ենթարկված հայության հիշատակին նվիրված բազմամարդ հանրահավաք` ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ազգային խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը, ՖԿԽՀ համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Եզրափակիչ ելույթներով հանդես եկան ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Վերջիններս կարեւորեցին միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի պաշտպանության նպատակով ողջ հայության ներուժի համախմբման գաղափարը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան չորս հարյուր ֆրանսահայեր, ֆրանսիացի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում` Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների, ԼՂՀ մշակույթի նախարարի, Ֆրանսիայում ԼՂՀ եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման թեմաներն էին` Ադրբեջանում հայկական ջարդերը եւ պատերազմական ընթացքը, Լեռնային Ղարաբաղի արդիական խնդիրները, Ֆրանսիա-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցությունը, հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղին` ընդդեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական քարոզչության, հակասությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի եւ ադրբեջանական պաշտոնական քարոզչության միջեւ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play