Երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովը ազգային օրենսդիր և գործադիր մարմիններին կներկայացնի փոփոխությունների առաջարկներ
Երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովը ազգային օրենսդիր և գործադիր մարմիններին կներկայացնի փոփոխությունների առաջարկներ
28-02-2012 17:02:20 | Հայաստան | Հասարակություն
Այսօր տեղի ունեցավ Երեխաների իրավունքներին եւ մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովը, որը նպատակ ուներ մշակել եւ խմբավորել երեխաների առաջարկություններն իրենց մասնակցության եւ իրավունքների պաշտպանության վերաբերյալ` դրանք հետագայում ազգային օրենսդիր եւ գործադիր մարմիններին ներկայացնելու նպատակով:
Համաժողովին մասնակից երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում:
Միացյալ Ազգերի Կազմակերպության Երեխայի իրավունքների հանձնաժողովի 2008թ. զեկույցում (A/63/41) նշված է, որ հաճախ երեխաների կարծիքներն անտեսվում են եւ հաշվի չեն առնվում: Հասարակական այն մտածելակերպը, որ երեխաների տեսակետները կարեւոր չեն, մինչ օրս էլ լայնորեն տարածված է Հարավային Կովկասում: Դա երեխաների շրջանում առաջացնում է անտարբերություն ու հուսահատություն, ինչի արդյունքում ունենում ենք պասիվ եւ մեկուսացված երիտասարդներ, այլ ոչ թե իրենց երկրների ժողովրդավարացմանն իրենց մասնակցությամբ նպաստող ակտիվ քաղաքացիներ: Տեսակետներ ձեւավորելու եւ արտահայտելու գործնական հնարավորությունների պակասը հանգեցնում են երեխաների` որպես իրավունքի կրողների սահմանափակ ինքնընկալմանն ու նրանց մասնակցային կարողությունների թերզարգացմանը:
ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում իրենց իրավունքների պաշտպանության գործում:
Ծրագրի շրջանակներում երեխաներն ունեցել են լուրջ նվաճումներ: Խթանվել են երեխաների` համայնքային, մարզային եւ պետական իշխանությունների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու եւ դրանց լուծումներ տալու հմտությունները: Մեծահասակների օգնությամբ երեխաները նախաձեռնել եւ կյանքի են կոչել 80 բազմաբնույթ ծրագրեր՝ երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում։ Այս ծրագրերի իրականացման ընթացքում երեխաները ուսումնասիրել եւ առաջ են քաշել տվյալ դաշտը կարգավորող օրենսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ։ Ծրագրի այս փուլում` համաժողովի ընթացքում, երեխաները քննարկեցին իրենց խնդիրներն ու ծրագրերը, փորձագետների օգնությամբ հստակեցրեցին եւ վերջնական տեսքի բերեցին իրենց առաջարկները, որոնք շուտով կներկայացվեն ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը եւ այլոք:
«Մենք այս տարածաշրջանային ծրագիրը սկսեցինք նախորդ տարվա մարտից: Անցել է մոտ մեկ տարի, եւ ես կարող եմ անկեղծորեն ասել, որ տեսնում եմ, թե ինչպես երեխաները կարող են փոփոխություններ մտցնել հայ հասարակության մեջ»,- ասաց Ժան-Քրիստթոֆ Գերանդը: Նա տեղեկացրեց, որ նման ձեւաչափի նախագծերը նպաստում են երեխաների` հասարակությանը ամբողջովին ինտեգրվելուն` դառնալով վերջինսիս ակտիվ մասնակիցը:
«Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ բաց չթողնենք այն ժամանակահատվածը, երբ կայանում է ապագայի քաղաքացին», նշեց Արա Բաբլոյանը: