«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի աշխատանքային այցը Լոռու մարզ


«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի աշխատանքային այցը Լոռու մարզ

  • 01-03-2012 13:14:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Փետրվարի 29-ին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպում ունեցավ մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները եւ մարզում երկաթուղային նախագծերի իրականացման հնարավորությունները: «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը եւ մարզպետը համատեղ զննեցին Վանաձոր-Շահալի երկաթուղային գիծը, ծանոթացան Զամանլուի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքների ընթացքին, որը նախատեսվում է ավարտել արդեն այս տարի: Նշենք, որ վերականգնողական աշխատանքները տարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հենարանների, թռիչքերի կառուցվածքի, կամրջին տանող ճանապարհների վրա, իսկ աջ եւ ձախ ափերին կառուցվում են երկաթբետոնե հենապատեր եւ կատարվում են հողային աշխատանքներ: Կողմերը քննարկեցին պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքի վրա Լոռու մարզի տարածքում մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները: Վ.Ռեբեցը եւ Ա.Նալբանդյանը հատուկ նշեցին Վանաձորի երկաթուղային կայարանի արդիականացման ծրագրի, կայարանի տարածքում տրանսպորտային հանգույցների ստեղծման եւ տեղի նկարիչների համար ցուցահանդեսային տարածքների ձեւավորման կարեւորությունը: Հիշեցնենք, որ 2012 թվականին Վանաձորի երկաթուղային կայարանը կապահովվի անլար Wi-Fi ինտերնետային կապով, կայարանում կբացվեն երիտասարդական զարգացման կենտրոնը, տուրիստական եւ հյուրանոցային համալիրները, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել Լոռու մարզի բնակչության համար: Երկաթուղու ղեկավարն ու մարզպետը նաեւ քննարկեցին մարզպետարանի աջակցությամբ ՀԿԵ-ի երկաթուղային տուրիստական մարշրուտների գործարկման հնարավորությունը: Վ.Ռեբեցը եւ Ա.Նալբանդյանը արձանագրեցին, որ նշված նախագծերը կարող են պետության եւ տնտեսվարող սուբյեկտի միջեւ ձեւավորված կոնստրուկտիվ երկխոսության եւ արդյունավետ համագործակցության գերազանց օրինակ ծառայել՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման զգալի խթան դառնալով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն