Բակո Սահակյան. Խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին


 

Բակո Սահակյան. Խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին

  • 04-03-2012 11:40:55   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Ժակ Ֆորին /Ֆրանսիա/: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ժակ Ֆորին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման: Միաժամանակ Նախագահը հատուկ նշել է, որ խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Կողմերը անդրադարձել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական