Արմեն Աշոտյան. Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է` շնորհիվ դրանում ընդգրկված կանանց
07-03-2012 19:05:10 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում մարտի 7-ին տեղի է ունեցել տոնական ընդունելություն Կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ: Մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցների մոտ երկու տասնյակ վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերի:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ոլորտի կանանց մաղթել է անձնական երջանկություն, գեղեցկություն: «Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է` շնորհիվ համակարգում ընդգրկված կանանց` ուսուցիչների, դասախոսների, ուսանողուհիների, աշակերտուհիների: Կրթական համակարգը` որպես դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման համակարգ, լավագույնս է բացահայտում հայ կնոջ կերպարը: Վստահորեն կարող եմ ասել, որ հայ կնոջ օգնությամբ ու մասնակցությամբ կրթական համակարգում առավել մեծ հաջողություններ կարող ենք գրանցվել»,-նշել է Արմեն Աշոտյանը եւ հավելել, որ կանայք լրացուցիչ բարություն են հաղորդում մեր հասարակությանը:
Մարտի 8-ի առթիվ ուսուցչուհիների պարգեւները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով կրթության համակարգում աշխատող կանանց` Մանուկ Մկրտչյանը բանաստեղծական մի քանի քառյակ է նվիրել նրանց եւ մաղթել անսահման ժպիտ ու ստեղծագործ աշխատանք:
Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ԿԳՆ-ից, պարգեւների հանձնման արարողությունից հետո ուսուցչուհիները երախտիքի խոսքեր են հղել, ինչպես նաեւ միջոցառումը զարդարել երգով: