Կրթության ոլորտում առաջարկվում է իրականացնել միասնական պետական վերահսկողություն


 

Կրթության ոլորտում առաջարկվում է իրականացնել միասնական պետական վերահսկողություն

  • 15-03-2012 13:56:21   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 15-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որի նպատակը կրթության ոլորտում միասնական պետական վերահսկողության իրականացումն է։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կառավարության հավանությունն են ստացել «Այլընտրանքային ծառայության մասին» եւ ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ եւս հինգ ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերը։ Նիստում քննության է առնվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Արա Սիմոնյանը եւ որի ընդունման դեպքում քաղաքացիները կարող են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կարգով բողոք ներկայացնել այդ որոշումն ուժի մեջ դնելու օրվանից հետո 10 օրվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ գործադիրը որեւէ առարկություն չունի։ Քննության է առնվել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ, հեղինակների կարծիքով, օրենսգիրքն առավել համահունչ կդառնա ՀՀ սահմանադրությանը։ Կառավարությունն արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի նախագիծն ամբողջությամբ։ Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Նոյյան տապան  -   Հասարակություն