Մեղադրողը միջնորդել է Հովհաննես Թամամյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման
20-03-2012 15:32:14 | Հայաստան | Հասարակություն
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մարտի 20-ի նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Մեղադրողը միջնորդել է գործով մյուս երկու ամբաստանյալներին՝ Արմեն Պողոսյանին եւ Վահան Խանզադյանին, դատապարտել երկուսուկեսական տարվա պայմանական ազատազրկման:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Հովհաննես Թամամյանը հայտարարել էր, որ ընդունում է մեղադրանքը եւ խնդրել էր անցկացնել արագացված դատաքննություն, որը բավարարվել էր:
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին: