Քննարկվել է Երեւանի կանաչապատման ընթացիկ եւ նախատեսված աշխատանքների հարցը


 

Քննարկվել է Երեւանի կանաչապատման ընթացիկ եւ նախատեսված աշխատանքների հարցը

  • 20-03-2012 18:44:24   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել է մայրաքաղաքի կանաչապատման ընթացիկ եւ նախատեսված աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները: Այստեղ, ըստ Երեւանի իշխանությունների, անելիքները դեռ շատ են: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, քաղաքապետը նշել է, որ «Կանաչ Երեւան» կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը եւ հնարավորին ավելացնել դրանք: «Մեր բոլորի նպատակն է Երեւանը տեսնել կանաչ ու գեղեցիկ: Նպատակային օգտագործելով ֆինանսական միջոցները եւ կիրառելով նոր մոտեցումներ` պետք է ամենօրյա հետեւողական աշխատանք տանենք եւ մեր հոգատարության շնորհիվ ապահովենք ցանկալի արդյունք: Ինչ խոսք, մի քանի ամսում ամբողջովին կանաչ քաղաք ունենալը իրատեսական չէ, սակայն հենց այսօրվանից պետք է կենտրոնացնենք բոլոր ուժերը եւ սկսենք այդ նպատակին ուղղված մեր աշխատանքները»,- նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ աշխատանքի որակը կախված է նաեւ յուրաքանչյուր աշխատակցի սրտացավ վերաբերմունքից: Քաղաքապետը նաեւ նշել է, որ մայրաքաղաքի զբոսայգիների, պուրակների եւ կենտրոնական փողոցների կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն նաեւ բակային տարածքներում ու այն հատվածներում, որտեղ հնարավոր է ունենալ բարեկարգ եւ կանաչապատ գոտի: Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի ոռոգման ցանցի արդիականացման ուղղությամբ կատարված ու շարունակվող աշխատանքները, Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ամբողջությամբ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը, հավելելով, որ մասնավորապես այս տարի նախատեսված է 16 կմ ջրագծի անցկացում: Կկրկնապատկվի ծաղկային ձեւավորումների եւ սիզամարգերի թիվը, կհամալրվի նաեւ մշտադալար ծառերի քանակը: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հետեւողական աշխատանք տանել ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ, այդ թվում նաեւ ծառերի ապօրինի կտրման հնարավոր դեպքերի բացահայտման ու բացառման նպատակով գիշերային ժամերին տարածքները վերահսկելով: «Պետք է բացառել ցանկացած ծառահատում: Ասել եմ ու մեկ անգամ էլ կկրկնեմ, որ կանաչ տարածքների հաշվին որեւէ կառուցապատում մայրաքաղաքում չի թույլատրվելու»,- նշել է քաղաքապետը: Կանաչապատման ձեռնարկությունների տնօրեններն իրենց հերթին խոստացել են անել ամեն ինչ, որպեսզի առաջիկայում մայրաքաղաքում վերականգնվեն երբեմնի կանաչ տարածքները, ավելացվեն ծառերի ու ծաղիկների քանակը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ, անհրաժեշտության դեպքում, ավելացնել աշխատուժը եւ խրախուսել աշխատակիցներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն